Արաբկիրի 4/23 ընտրատեղամասում իրարանցում էր: Զարուհի Փոստանջյանը հանձնաժողովի քարտուղարի հետ արձանագրություն էր լրացնում, ինչը պարբերաբար ուղեկցվում էր «Ժառանգության» ներկայացուցչի ու ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի միջև լեզվակռվով:
Այս մասին գրում է Haynews.am-ը` հղում անելով «Արմնյուզ»-ին:
«Ժառանգության» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի խոսքով` տեղեկացված լինելով որոշ ընտրացուցակներում անճշտությունների մասին՝ այսօր որոշել էր շրջել տեղամասերով: 4/23 ընտրատեղամասում պատգամավորը ստուգել է ցուցակը: Հենց այդ ժամանակ էլ, ըստ Փոստանջյանի, նրա գործողությունները խոչընդոտվել են:
Հանձնաժողովի նախագահը հերքել է ամեն ինչ: Ընտրատեղամասում ոչ մի միջադեպ, իրարանցում, խառնաշփոթ չի նկատվել առավոտյան 8-ից: Ամեն ինչ եղել է խաղաղ, մինչև Զարուհի Փոստանջյանի այցը: Ըստ հանձնաժողովի նախագահ Աշոտ Պռուզյանի` «Ժառանգություն» խմբակցության պատգամավորի արարքը ոչ այլ ինչ է, քան սադրանք՝ ընտրատեղամասում ընթացող խաղաղ քվեարկությանը խանգարելու համար:
Միջադեպի պատճառ դարձած արձանագրությունը, ի վերջո, տիկին Փոստանջյանին հաջողվել կազմել և դրան ընթացք տալ: