Պարզվում է` Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը օգտվում է Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի` Հայաստանից բացակայելու հանգամանքից ու նրա փոխարեն միանձնյա որոշումներ կայացնում:
Բանն այն է, որ Արթուր Գևորգյանն արդեն մեկ ամիս է` ԱՄՆ-ում է, իսկ Յուրի Վարդանյանը կայացնում է որոշումներ, որոնք, մեղմ ասած, այնքան էլ Արթուր Գևորգյանի սրտով չեն և չեն բխում Բռնցքամարտի ֆեդերացիայի շահերից:
Սպորտի նախարարը չի թողնում, որ բանակում ծառայող բռնցքամարտիկները գան և մասնակցեն մրցումներին: Բացի այդ, նախարարը բյուջեից հատկացումներ չի անում մարզումների համար: Իր այդ քայլը նա պատճառաբանում է նրանով, որ ֆեդերացիայի նախագահը պետք է փոխի գլխավոր մարզչին:
Բայց նախարարը հաշվի չի առնում այն հանգամանքը,որ մի կողմից ֆեդերացիայի նախագահը թույլ տղա չէ, մյուս կողմից էլ ինքը իրավասություն չունի մարզիչ ընտրելու:
Հետաքրքիրն այն է, որ Արթուր Գևորգյանն այն քչերից է, ով ամեն կերպ աջակցում և մեջք էր կանգնում Յուրի Վարդանյանին, որ նա իր դիրքերն ամրապնդի, իսկ նախարարի այս միանձնյա որոշումները խոսում են նաև նրա բարոյական նկարագրի մասին: