Այսօր Ադրբեջանում գերեվարված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատները հանդիպել են ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում նոր մանրամասներ են հաղորդել Հակոբ Ինջիղուլյանի մասին: Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարություն ինջիղուլյանը:
«Մեզ տեղեկացրին, որ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ Հակոբը որևէ խնդիր չունի՝ թե առողջական, թե բարոյահոգեբանական առումով: Ադրբեջանի ղեկավարությունը Հակոբին տարել է բուժզննման: Ասել են, որ ոչ կարճատեսություն ունի, հեռատեսություն: Իսկ մենք տեղեկացրինք, որ Հակոբը ակնոց կրել է ոչ թե հեռատեսության կամ կարճատեսության, այլ աչքերի ցավի պատճառով, ինչի մասին գրանցեցին, որ հաղորդեն»,- մեզ հետ զրույցում ասաց Հարություն Ինջիղուլյանը, ապա հավելեց.
«Ես խնդրել էի, որ անձամբ իմ խոսքերը փոխանցեն եղբորս, որ ես պատասխանատու եմ ամեն ինչի համար, չվախենա և վերադառնա տուն: Ասացին, որ առանձազրույցի ժամանակ խոսքերս փոխանցել են նրան: Անգամ հարցրել են, թե՞ արդյոք իրենց հեռանալուց հետո նրա նկատմամբ ճնշում գործադրվում է: Հակոբը պատասխանել է, որ ոչ»:
Հանդիպման ընթացքում նաև Հակոբի նամակը փոխանցել են հարազատներին, որտեղ մասնավորապես գրված է:
«Խնդրում եմ՝ սպասեք մի կարճ ժամանակ էլ, Աստված մեծ է, համոզված եմ՝ կարճ ժամանակ հետո ամեն ինչ լավ կլինի»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպման ընթացքում տեղեկացրել էին, որ Բաքվի ԿԽՄԿ ներկայացուցիչները նկատել են, թե ինչպես է Հակոբը նամակը կարդալիս աչքերին շատ մոտ պահում: ԿԽՄԿ ներկայացուցչությունը դիմել էր Ադրբեջանի ղեկավարությանը՝ ռազմագերուն ակնոց տրամադրելու խնդրանքով:
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան