Կան սերիալային դերասաններ, որոնց հասարակությունը գրեթե չի հիշում, սակայն նույնը չենք կարող ասել «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում Էլենի կերպարը մարմնավորած Շուշաննա Թովմասյանի մասին, ում հիշում են և ում մասին կարելի է լսել թե՛ դրական, և թե՛ բացասական կարծիքներ: Դերասանուհուն զայրացնում են իր մասին լսած բոլոր ասեկոսեները: Այս և այլ մանրամասների շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է Շուշաննա Թովմասյանի հետ:
-Մանկությունից մնացած մի հուշ, որը միշտ ժպիտով եք հիշում:
-Միշտ ժպիտով եմ հիշում այն, երբ ծնողներիցս թաքուն կտրել էի մազերս (չոլկա):
–Դերասանի համար որքանո՞վ եք կարևորում մասնագիտական կրթությունը, և ի՞նչ է Ձեզ տալիս Թատերականում սովորելը:
-Իհարկե կարևորում եմ մասնագիտական կրթությունը, բայց լինում են դեպքեր, երբ կա տաղանդ առանց կրթության: Դեռ մեկ տարի է, ինչ ես սովորում եմ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, և կարծում եմ, որ դեռ ամեն ինչ առջևում է, որպեսզի ստանամ լավ և որակյալ մասնագիտական կրթություն:
-Շատ հաճախ դերասանին նույնացնում են կերպարի հետ: Ձեր անձը որքանո՞վ է նման «Էլեն» կերպարին:
-Այս հարցին բազմիցս անդրադարձել եմ, բայց ևս մեկ անգամ սիրով կկրկնեմ, որ ես շատ էի սիրում էլենի կերպարը: Իսկ ինչ վերաբերվում է նմանություններին,ապա կավելացնեմ, որ իմ և կերտածս կերպարի միջև, այո՛, կային ընդհանրություններ, բայց տարբերությունները ևս շատ էին: Ժամանակի ընթացքում ես և մարմնավորած կերպարս դարձել էինք ներդաշնակ:
-Այսօր էկրանին չեք երևում: Ինչո՞ւ
-Կարծում եմ, որ երկու տարի շարունակ հեռուստաէկրանին լինելը բավարար ժամանակ է, որպեսզի անցնեմ տրամաբանական դադարի, և կարծում եմ, որ այս դադարը ուղղակի անհրաժեշտ է:
-Մարդկային ո՞ր որակներն եք առաջնային համարում:
-Անկեղծությունը, անմիջականությունը և պատասխանատվության զգացումը:
-Ձեր կյանքի ամենահիշարժան հանդիպումը:
-Դեռևս սերիալի նկարահանումների ընթացքում Սուրբ Սարգիս եկեղեցու բակում՝ Էլենի և Գոռի ձախողված հարսանեկան արարողության ժամանակ հանդիպեցի այժմ ինձ համար շատ հարազատ դարձած մի անձնավորության:
-Ո՞րն է եղել Ձեր ամենամեծ խենթությունը:
-Կարծում եմ, որ խենթությունները դեռ առջևում են (ժպտում է):
-Կա՞ մի բան, որի հետ չեք համաձայնի:
–Կյանքում երբեք չեմ համաձայնի անարդարության հետ:
-Ի՞նչը կարող է Ձեզ վհատեցնել:
-Ինձ շատ են վհատեցնում սուտն ու ձախողումները:
-Ձեր բնավորության մեջ ի՞նչը կցանկանայիք փոխել…
–Ես բնավորությամբ շատ անհամբեր մարդ եմ և կցանկանայի դա փոխել:
-Ձեր թուլությունը:
–Սիրելի անձնավորությունս:
–Ձեր մասին լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ զայրացրել և ո՞րը զվարճացրել:
-Ինձ շատ զվարճացրել է այն ասեկոսեն, որ իբր ամուսնացել եմ մի ամերիկաբնակ մեծահարուստ պապիկի հետ: Եվ զայրացրել ու միշտ էլ զայրացնում են այն փաստը,որ իմ մասին կեղծ լուրեր են տարածում:
-Ինչի՞ եք պատրաստ հանուն Ձեր սիրո:
-Հանուն իմ սիրո պատրաստ եմ դիմանալու ամեն մի դժվարության:
-Ի՞նչ է անկեղծությունը Ձեզ համար:
-Անկեղծությունն ինձ համար ամենավեհ և ամենաբարդ երևույթն է:
-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայի համար:
-Ծրագրերի մասին կարող եմ խոսել միայն սեպտեմբեր ամսից սկսած, իսկ այժմ պատրաստվում եմ մեկնել` վայելելու ամառային հանգիստս:
-Ի՞նչ կմաղթեք Ձեր երկրպագուներին և հեռուստադիտողներին:
-Ես շատ բարձր եմ գնահատում նրանց ջերմ վերաբերմունքն իմ նկատմամբ, նույնիսկ հիմա, երբ չեմ նկարահանվում, նրանք չեն դադարում ոգևորել ինձ՝ իրենց մաղթանքներով, ուշադրությամբ ու անակնկալներով, որը շատ պարտավորեցնող է, և ես խոստանում եմ չհիասթափեցնել նրանց սպասումները՝ հանդես գալ որակյալ աշխատանքով և նոր ասելիքով:
Հարցազրույցը՝ Երվանդ Մարեյանի