BPA ընկերության նախագահ Վրույր Փենեսյանը դեռ 2016 թվականին հայտարարել էր, որ 2017 թվականին իրականացնելու է կոնյակի փառատոն: Նախորդ տարի BPA ընկերությունը, որն արդեն երկու տարի է, ինչ կազմակերպում է «Ինվեստ Արմենիա» համաժողովները, նախաձեռնել էր նաև «Welcome to Armenia» զբոսաշրջային համաժողովը: Նպատակը BPA ընկերության կողմից իրականացվող նախագծերի ներկայացումն էր, որոնցից առաջնայինն այն էր, որ ընկերությունը 2017 թվականին հայկական կոնյակի առաջին ազգային փառատոնն է կազմակերպելու:
«Սա, թերևս առաջին անգամն է, որ Հայաստանում կոնյակի փառատոն է կազմակերպվելու: Այդ մասին հայտարարեցի նախորդ տարի, իսկ ներկայումս աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, որպեսզի ամեն ինչ հավուր պատշաճի իրականացվի: Մենք վստահ ենք, որ այն խթանելու է զբոսաշրջությունը Հայաստանում: Առհասարակ, կոնյակագործությունն այն ոլորտներից է, որն իսկապես կարող է հետաքրքրել զբոսաշրջիկներին, ովքեր կգան Հայաստան և կծանոթանան և երկրին, և հայկական կոնյակի ավանդույթներին»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց BPA ընկերության նախագահ Վրույր Փենեսյանը:
Վերջինս նշեց, որ փառատոնի անցկացման օրերը հստակ չեն, սակայն արդեն հայտնի է, որ այն տեղի կունենա աշնանը:
«Ի սկզբանե այն նախատեսել էիք իրականացնել գարնանը, սակայն ոլորտի մասնագետների, ինչպես նաև «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերության նախկին ղեկավարության հետ քննարկումներից հետո հասկացանք, որ պետք է փառատոնն իրականացնել աշնանը: Դա պայմանավորված էր նաև այն գործոնով, որ զբոսաշրջիկները և, առհասարակ, փառատոնի մասնակիցները քաղհանին մասնակցելու հնարավորություն ունենան: Դա մասնագետների հորդորն էր, իսկ ավելի վաղ փառատոնն իրականացնելով` այն ամբողջական չէր լինի: Մենք պատկերացնում ենք, որ փառատոնի մասնակիցներն այդ շրջանում կգնան դաշտեր, ներկա կլինեն քաղհանին, ապա կհետևեն ընթացքին արդեն գործարանում, ինչի արդյունքում էլ կծանոթանան հայկական կոնյակագործության ավանդույթներին»:
Վրույր Փենեսյանի խոսքով` առաջին անգամ կոնյակի ազգային փառատոնի իրականացումը հենց 2017 թվականին կարևոր է նաև այն տեսանկյունից, որ այս տարի լրանում է հայկական կոնյակագործության 131-ամյակը:
«Սա իհարկե հետաքրքիր փաստ է, ի վերջո, մենք կարող ենք մարդկանց այս գաղափարի շուրջ համախմբել: Վստահ եմ, որ փառատոնը կլինի շատ արդյունավետ, նախատեսել ենք, որ այն կտևի երեք օր`կոնյակագործությամբ զբաղվող ընկերությունների այցելությամբ: Այդ օրեըը հագեցած կլինեն նաև մշակութային բաղադրիչներով, օրինակ` հայկական երգ և երաժշտություն կլինի, սակայն այլ մանրամասներ չեմ ցանկանում հայտնել»,-ասաց BPA ընկերության նախագահ Վրույր Փենեսյանը:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան