▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Պուտինը «մոռացել էր» շնորհավորել ՀՀ նախագահին. «Ժողովուրդ»

Եվ այսպես` երեկ Սարդարապատում Հանրապետության օրվա առթիվ հերթական ռազմահայրենասիրական ելույթն ունենալուց հետո` Սերժ Սարգսյանը մեկնել է Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու այսօր Աստանայում  կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որի ընթացքում, ինչպես հայտնի է` պետք է ստորագրվի Եվրասիական միության ստեղծման պայմանագիրը: Ամիսներ շարունակ նշվում էր, որ հենց այսօր Հայաստանը պետք է ստորագրի  Մաքսային միությանը եւ Եվրասիական միությանն անդամակցելու մասին  համաձայնագիրը, սակայն անգամ երեկ` փաստաթղթի հնարավոր ստորագրման նախօրեին, Հայաստանում որեւէ մեկը չգիտեր, թե ինչ տեղի կունենա այսօր Աստանայում, եւ արդյոք մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա տոնական  ամսաթվին  հաջորդող  մայիսի 29-ը չի լինի այդ հանրապետության, ըստ էության, կորստի օր:

Անգամ երկրիս արտգործնախարարը, ում լրագրողները Սարդարապատի հուշահամալիրում «բռնացնելու» պատեհությունն ունեցան եւ տվեցին այդ անհարմար հարցը` ստիպված եղավ գործի դնել իր դիվանագիտական հմտությունը` այդպիսով, սակայն, ի ցույց դնելով այն ողբալի վիճակը, որում իր անմիջական մասնակցությամբ եւ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հայտնվել է մեր երկիրը: 

Պատախանելով հարցին` արդյոք այսօր Աստանայում որեւէ բան ստորագրվելու է, Նալբանդյանն ասաց. «Եթե որեւէ բան ստորագրվելու լիներ, մենք կհայտարարեինք: Ինչ հայտարարված է՝ դա է լինելու»: Սակայն արդեն ճշգրտող հարցին` այսինքն, չի՞ ստորագրվելու, տվեց ոչ այդքան վստահ պատասխան. «Աստանան կլինի՝ կտեսնեք»: Ահա այսպես. կլինի` կտեսնենք:  Այլ պարագայում սա, թերեւս, կարելի էր համարել աննախադեպ ցինիզմ եւ քննադատության թիրախ դարձնել  Նալբանդյանին, սակայն այս դեպքում Նալբանդյանի վիճակը, Ս. Սարգսյանի բառապաշարով ասած, այնքան խղճուկ է, որ անգամ կարեկցանք է հարուցում: Կասկածից դուրս է,  որ երեկվա դրությամբ անգամ ՀՀ արտգործնախարարը հստակ չգիտեր, թե ինչ է սպասվում մեզ այսօր:

Իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանի` տարիներ շարունակ վարած ապիկար քաղաքականության արդյունքում  Հայաստանի Հանրապետություն` որպես ինքնիշխան երկիր, Ռուսաստանի համար այլեւս գոյություն չունի: Կա ընդամենը հեռավոր մի  «գուբեռնիա», որի հետ վարվում են` ըստ տրամադրության եւ իրավիճակի: Պատահական չէ, որ երեկ` Հանրապետության օրվա կապակցությամբ, Վլադիմիր Պուտինը  «մոռացել էր» շնորհավորել ՀՀ նախագահին, մինչդեռ նույն օրը  նույն տոնը նշող Ադրբեջանի նախագահին ուղղել էր ջերմագույն մի ուղերձ:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее