▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիլյամ Սարոյան. ԿՈՒՅՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ամուսինն ու կինն իրենց էշը հեծած լեռնային ճանապարհով դեպի Բիթլիս են ուղևորվում, երբ նրանց դիմաց մի կույր տղամարդ է հայտնվում, ով առաջ էր շարժվում խարխափելով:

Ամուսինն ասում է կնոջը.

- Աստված քեզ երկու աչք է տվել, իջիր և ոտքով գնա, իսկ կույրը թող էշին նստի:

Կինը պատասխանում է.

- Կույրը խորամանկ է, արի սուս ու փուս անցնենք կողքով:

Բայց ամուսինը խղճում է կույրին և շատ է ուզում, որ նա էշով գնա:

- Տեսնո՞ւմ ես, - ասում է, - ոտքն արդեն վնասել է: Իջիր, թող էշին նստի:

Կինն էշից իջնում է, և կույրը տեղավորվում է ամուսնու կողը: Կինը ոտքով է գնում, իսկ տղամարդիկ շում են էշը, և նրանք վերջապես քաղաք են հասնում:

Ամուսինը դիմում է կույրին.

- Հասանք Բիթլիս, հիմա պետք է բաժանվենք, ցա՛ծ իջիր:

- Իջնե՞մ, - զարմանում է կույրը: - Ինչ է, թե սարերով ուղեկցել եք էշիս, ուզում եք անասունս ինձնից խլե՞լ:

Կինը զգում է մոտալուտ դժբախտությունն ու հառաչում:

- Հիմա՛ր ամուսինս, ասում է նա:

- Իջի՛ր, խնդրում եմ, - կրկնում է ամուսինը, - քեզ խղճացի և էշովս մինչև քաղաք բերեցի: Հիմա քո ճամփով գնա:

Կույրը սկսում է գոռգոռալ: Մարդիկ են հավաքվում:

Կույրը իր պատմությունն է պատմում նրանց: Ամուսինը զգում է, որ մարդկանց համակրնաքը ավելի շատ կույրի կողմն է, քան իր՝ ասում է կնոջը.

- Դու ճիշտ էիր, ես սխալ գործեցի, թող էշը նրան լինի, արի գնանք:

- Ճի՛շտ ես ասում, - պատասխանում է կինը, - գնացի՛նք:

Այս լսելով՝ կույրն անմիջապես բղավում է.

- Սկզբում ուզում էիր էշս գողանալ, հիմա էլ որոշել ես կնո՞ջս խլել, իսկ կինս ողջ-առողջ տղամարդ է տեսել և այլևս չի՞ ուզում կույր ամուսին ունենալ:

Կինը վախից նվաղում է: Ամուսնու լեզուն կապ է ընկնում:

Ամբոխը կույրին է հավատում: Չէ" որ կույր էր: նրան խղճում էին, որովհետև չէր տեսնում:

Կինը սկսում է լաց լինել: Ամուսինը հրաժարվում է առանց իր կնոջ հեռանալ:

Եվ գնում են դատավորի մոտ, կույրը բացատրում է, որ ինքն ու իր կինը իրենց էշով Բիթլիս էին գալիս, երբ էշը հանկարծ սկսում է համառել և այլևս առաջ չի շարժվում: Չգիտես որտեղից հայտնվում է այս տղամարդը, ով կարողանում է էշին ենթարկեցնել և իրենց հետ քաղաք է ժամանում, րտեղ սկզբում փորձում է էշին տիրանալ, ապա՝ իր կնոջը:

Հետո ամուսինն է պատմում ճշմարտությունը՝ անչափ դառնացած և ինքն իրեն անիծելով, որ այդչափ բարի սիրտ ունի:

Հետո էլ կինն է պատմում ճշմարտությունն ու արտասվում է:

Դատավորը վճռում է, որ նրանց պատմածից անհնար է գլխի ընկնել, թե ով է ստում՝ կարգադրում է. 

- Տարե՛ք և նրանց առանձին սենյակներում փակեք: Ուշադիր հետևեք նրանց, իսկ առավոտյան կզեկուցեք, թե ինչ եք տեսել:

Հրամանն անմիջապես ի կատար է ածվում:

Երբ կույրը զգում է, որ մենակ է, սկսում է ժպտալ: Հետո հորանջում է, մկաններն է ձգում, պարում է ու ինքն իրեն ասում.

- Էշի տեր դարձա, եթե կնոջն էլ տիրանամ, կյանքը իմը կլինի:

Ամուսինը կրկին ու կրկին անիծում է իր հիմարությունը, որ ցանկացել է օգնել կույրին:

Կինն անվերջ լալիս է

Առավոտյան այս ամենի մասին զեկուցում են դատավորին: Նա կույրին բանտ է ուղարկում: Իսկ ամուսինն ու կինը իրենց էշի հետ հեռանում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее