▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերին Լարսով հունիսի 1-ի՞ց . «Ժողովուրդ»

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում  4 տեղ ավիատոմսեր են վաճառվում: Վրաստանի տարածքում տեղի ունեցած փլուզման, ռուս-վրացական սահմանի՝ Վերին Լարս անցակետի փակ լինելու պատճառով վերջին շրջանում ավիատոմսերի վաճառքի ծավալներն աճել են:  Ավիատոմսերի վաճառքի կետերից մեկի աշխատող Գոհար Զալինյանից տեղեկացանք, որ մինչեւ հունիսի 5-6-ը դեպի Ռուսաստան  չվերթերի էժան տոմսերը սպառված են: Նրա խոսքերով՝ Վերին Լարսի փակ լինելու պատճառով ավիատոմսերի գները բարձրացել են մոտ 10 եվրոյի չափով: Սովորաբար ավիատոմսերի գները  կրկնակի  թանկ են նույն ուղերթի ավտոբուսների տոմսերից:  Ավիատոմսերի վաճառքի կետերում նաեւ ավտոբուսների տոմսեր են վաճառվում: Վաճառքի կետ մտած  մի նոյեմբերյանցի հարցրեց, թե  ե՞րբ է Վերին Լարսով ավտոբուսների երթեւեկը վերականգնվելու:  Գ. Զալինյանն ասաց, որ հունիսի 1-ին «Քինգ դելյուքս» ընկերության ավտոբուսը մեկնելու  է եւ իրենք տոմսերը վաճառում են:  Թերահավատ եղանք, որ մինչեւ հունիսի 1-ը մեծ  փլուզման հետեւանքները կվերացվեն եւ  ճանապարհը կբացվի: Զալինյանն ասաց՝ հնարավոր է, որ այդ ընկերության ավտոբուսների մի մասը գտնվում է  փլվածքի մյուս  կողմում, եւ ուղեւորները հասնելով փլուզման վայր, որոշ հատված հաղթահարեն ոտքով, ապա մյուս կողմում նորից ավտոբուս նստեն: Ավտոբուսի տոմս հարցրած նոյեմբերյանցին զգուշավորություն ցուցաբերելով՝  տոմս չգնեց՝ ասելով, որ ինքը  կսպասի հունիսի 1-ին եւ կհամոզվի՝ առաջին ուղերթը հաջողությա՞մբ է կատարվել: Ավիատոմսեր վաճառողին հարցրինք՝ ինչպե՞ս էր  լինում, որ հաճախ մեր հայրենակիցներին Վերին Լարսից հետ էին ուղարկում՝ Ռուսաստան նրանց մուտքի արգելքի պատճառով: Տիկին Գոհարն ասաց, որ Հայաստանում հեռախոսային հաղորդագրությունների միջոցով ճշտվում է՝ տվյալ անձն իրավունք ունի՞ Ռուսաստան մուտք գործել, թե՝ ոչ: Սակայն հաճախ «խոպանչիներ»-ը ցանկալին իրականության տեղ դնելով՝  մուտքի իրավունքի վերաբերյալ հարցում կատարելիս իրենց ազգանունը ներկայացնում են ոչ այնպես, ինչպես  գրված է  անձնագրի մեջ, այլ՝ ռուսերեն թարգմանությամբ: Այդ պատճառով էլ Վերին Լարսում ստուգում կատարելով՝  նրանց հետ էին ուղարկում:

Հեղինակ` ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее