Օրեր առաջ իմ էջում տեղադրել էի «Օպերացիա «Կարմիր կակաչ»» վերնագրով փաստագրական իմ գրվածքը։ 4-5 կայք այն տեղադրել էին իրենց էջերում։
Այդ պահին փոշմանել եմ՝ շտապելու համար, որովհետև դեռևս էական փոփոխություններ և խմբագրական շտկումներ էի կատարում այդ գրվածքում։ Մարդկանց ցույց տալու համար, թե ինչ ասել է Մաքսային ճահիճ կամ Զորի Գայկովիչի նամակն իրականություն դառնալու պարագայում ինչ հետևանքներ կլինեն Հայաստանում, իմ գրվածքի սկզբում մի քանի օրինակներով հիշեցնում էի, որ Արցախը հայաթափելուն ուղղված մեր թշնամու ձեռնարկումներում Մոսկվան երբեք անմասն չի մնացել...
Այժմ զգալիորեն վերափոխել եմ իմ գրվածքը։ Դրան նպաստել են նաև իմ ընկերների առաջարկությունները, որի համար շնորհակալ եմ։ Այժմ վերափոխված տարբերակն իմ բլոգում է:
Բայց այլ բան եմ ուզում ասել։ Գուցե Ռուսաստանն իրոք Զորի Բալայանի կամ ՀՀ քաղաքական «էլիտայի» հայրենիքն է կամ նրանց ներշնչանքի աղբյուրը, սակայն Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագրում վերջին 200 տարում Ռուսաստանն առավելապես բացասական դերակատարություն է ունեցել։ Հայոց երկրում թուրքերի ձեռքով իրականացված գրեթե բոլոր ողբերգություններում կայսերական հավակնություններով Մոսկվան, մեղմ ասած, երբեք մեզ հետ չի եղել։ Եթե ավելին չասենք...
Այսօր երբ ՄՄ անվան տակ Մոսկվան ՀՀ իշխանությունների «դաբրոյով» փորձում է կրկին գաղութացնել Հայաստանը, իրագործել վաղեմի՝ «հայաստանն առանց հայերի» ծրագիրը, ու արդեն Հայաստանում ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու պահանջներ է ներկայացնում, վաղուց ժամանակն է ազգովի սթափվելու ու հասկանալու, որ համերաշխ գնում ենք կառափնարան...
Վաղուց ժամանակն է ազգովի սթափվելու ու հասկանալու, որ համերաշխ գնում ենք կառափնարան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet