168.am-ը գրում է, որ հեռախոսազրույց է ունեցել Հրանտ Թոխատյանի հետ՝ պարզաբանում ստանալու նպատակով համացանցում տարածված լուրերի առիթով, ըստ որի դերասանը հրաժարվել է վաստակավոր արտիստի կոչումից:
Դերասանը զարմացել է , թե ինչո՞ւ են լրատվամիջոցներն ավելի քան 10 տարի առաջ տեղի ունեցածի մասին հիմա այդքան աղմուկ բարձրացնում: Թոխատյանը հիշեցրել է, որ այդ կոչումն իրեն շնորհել է ՀՀ մշակույթի նախկին նախարար Ռոլանդ Շառոյանը, ով ՀՀ մշակույթի նախարար է եղել 1998-2003 թվականներին: «Դա շատ հին պատմություն է, զարմանում եմ, թե ինչո՞ւ է լրատվամիջոցն այդ մասին գրում ներկա ժամանակով և մարդկանց թյուրիմացության մեջ գցում: Պատմությունը հետևյալն է. այն ժամանակվա մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը «Վաստակավոր արտիստի» կոչում շնորհեց: Ես, բնականաբար, ասացի՝ շնորհակալություն, ու հարցրեցի, թե ինչի՞ համար եմ ստանում: Ռոլանդ Շառոյանն ասաց՝ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Ասացի՝ այսինքն՝ ոչ թե կոնկրետ աշխատանքի, կոնկրետ արժանիքի համար, այլ Թատրոնի միջազգային օրվա՞ կապակցությամբ: Ծիծաղեցինք, հետո տեսա, որ «Վաստակավոր դերասանի» տիտղոսաթերթիկի վրա նշված է, թե ես այդ կոչումը ստանում եմ՝ որպես Կամերային թատրոնի դերասան: Ասացի՝ բայց ես արդեն ավելի քան 10 տարի Կամերային թատրոնում չեմ աշխատում: Եվ ստացվում է՝ ես այդ կոչումը ստանում եմ ուրիշի փոխարեն: Դրանից հետո մինչ օրս որքան առիթ է լինում, և,եթե ես իմանում եմ, որ ինձ ուզում են ներկայացնել՝ որպես ՀՀ վաստակավոր արտիստ, խնդրում եմ՝ ինձ այդպես չներկայացնել: Այսինքն՝ այն օրվանից ես իմը չեմ համարում այդ կոչումը: Այդքան բան: Այս է ամբողջ պատմությունը: Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է դա հիմա դարձել պատմություն: Ընդամենը լրագրողը հարցրեց՝ եղե՞լ է նման բան, ասացի՝ այո, եղել է: Բայց դա շաա՜տ վաղուց էր»,- պատմել է Հրանտ Թոխատյանը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/11/11/298165.html#.UoEE-Qme3ug.facebook
© 168 Ժամ առցանց լրատվական կայք