▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Պետրոսյանի մահն էլ չի բավարարելու տուժողներին, և դա է ողբերգության օրենքը...ֆրանսիացի փաստաբան

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝  Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ Եղվարդ-Երևան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի գործով հերթական դատական նիստում, շարունակվել է  դատարանի վատ թարգմանության պատճառով նախորդ նիստին կիսատ մնացած դերասանի ՝ Ֆրանսիայից ժամանած պաշտպան Մարի Լոր Դոզեի միջնորդությունը:

Մարի Լոր Դոզեն կարծում է, որ Վարդան  Պետրոսյանը  ապօրինի է պահվում կալանքի տակ և տուժող կողմին խորհուրդ տվեց արդարադատությունը չխառնել վրեժխնդրության հետ: «Ես Ձեր դատարանում չեմ կարողանում դատախազին տարբերակել տուժող կողմի փաստաբանից, նրանք նույն բանն են ասում, Ֆրանսիայում նման բան չկա»,-հայտարարել  է  փաստաբանը:

Ֆրանսիացի փաստաբանի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Սկզբում Վարդան  Պետրոսյանը կարծում էր, որ փաստաբանի կարիք չի ունենա եւ այն էլ ֆրանսիացի թարգմանչի, սակայն նա հասկացավ, որ արդարադատությունը կարող է վերածվել սոսկալի մեքենայի եւ մի քանի օրում հնարավոր չի լինում պայքարել ասեկոսեների դեմ: Գործի նյութին ծանոթանալով և 3-րդ անգամ այստեղ ներկայանալով` ես կարողացա հասկանալ, թե ինչքան դժվար է իմ գործընկերոջ համար այս նիստին մասնակցելը: Վարդան  Պետրոսյանը Հայաստանի  և  Ֆրանսիայի քաղաքացի է: Կարելի է ասել, որ Հայաստանում եւս կալանքը կանոն է, իսկ ազատության մեջ մնալը բացառություն է, որովհետեւ ոչ թե ազատությունը, այլ նախնական կալանքը պետք է պատճառաբանվի Հայաստանում: Ստորագրել այդ կոնվենցիան եւ չկիրառել այն, նշանակում է ոտնահարել բոլոր քաղաքացիների իրավունքները: Այս հարցում նախնական կալանքը նրա անմեղության կանխավարկածի ոտնահարումն է: Այն, որ զոհված տղաների ընտանիքը մեղավորների կարիք ունի, դա հասկանալի է, բայց դատախազությունն ու տուժողի փաստաբանը մեղավորին ներկայացնում են սկուտեղի վրա, ինչն արդարադատության ոտնահարում է, ինչու նրանք այդքան կարիք ունեն ալկոհոլի գործածման հանգամանքին: Նա չի մեղադրվում հարբած վիճակում մեքենա վարելու համար, ես կրկնում եմ, որ դուք ձեր լիազորությունների շրջանում այս հարցը չեք քննում, որովհետեւ նախաքննությունը հակառակն է ապացուցել, սակայն դուք որոշել եք այդպես քննել»:

Անդրադառնալով դատական նիստերի ընթացքում տուժող կողմի ներկայացուցիչների պահվածքին, ֆրանսիացի փաստաբանն ընդգծել է.  «Նրանք Վ. Պետրոսյանին ասում էին թշվառ հարբեցող, նույնիսկ բանը հասավ նրան, որ ինչ-որ թռուցիկներ էին բաժանում, փոխանակ հիմք ընդունվեն փորձագետներն ու փորձաքննությունները: Շշմելու է, որովհետեւ ալկոհոլի օգտագործումը չկա նյութերի մեջ, բայց դա է քննարկվում այսօր»:

Փաստաբանն իր խոսքում անդրադարձել է նաև «ցեղասպանություն գործել» արտահայտությունը, որ վերաբերում էր Վարդան Պետրոսյանին` այս գործի շրջանակներում: «Ես, ինչպես Ֆրանսիայի ժողովուրդը, նույնպես պայքարում եմ, որ Ցեղասպանությունը ճանաչվի, բայց լսել այդ բառը տուժողների բերանից՝ իսկապես սոսկալի էր: Մեզ ուզում են հավաստիացնել, որ Վարդան Պետրոսյանին պահելով բանտում՝ պաշտպանում են հասարակությանը»:

Փաստաբանը խոսել է նաև տուժողների կողմից նախագահին ուղղված նամակի մասին, ըստ  որի Վարդան Պետրոսյանին հիվանդանոցից պետք է տանել Նուբարաշեն ՔԿՀ: «Վարդան Պետրոսյանին բանտ տեղափոխելուց ի վեր արդյոք տուժողների տառապանքը նվազե՞լ է, այսինքն՝ նրանք համարում էին, որ հիվանդանոցը չափազանց լա՞վ վայր է նրա համար: Հիմա նա արդեն բանտախցում է, բայց երևի իրենք համարեն, որ բանտախուցն է նրա համար լավ վայր և պետք է փոխել նաև այդ բանտախուցը: Մենք բոլորս պետք է լավ հասկանանք, որ Վարդան Պետրոսյանի մահն էլ չի բավարարելու տուժողներին, և դա է ողբերգության օրենքը, սակայն դա որևէ աղերս չունի արդարադատության հետ»: 

«Այս դատավարությունն ապացուցում է, որ դատարանի կողմից նախքան մեղավոր ճանաչվելը, Վարդան Պետրոսյանը արդեն իսկ պատիժ է կրում»,- նշեց Մարի Լոր Դոզեն՝ հավելելով, որ չափազանց ցնցված է դատական նիստի նախօրեին հեռուստաալիքներից մեկով այս պատմության փաստագրական ֆիլմի մոտիվներով, որում հանդես էին գալիս տուժողները, և տուժողների փոխարեն երբեմն հանդես էին գալիս դերասաններ, նույնիսկ հասել էին նրան, որ փորձել էին վերականգնել դեպքը՝ ցույց տալով մի ավտոմեքենա, որը սլանում էր շատ արագ՝ 120 կմ/ժ արագությամբ: Այսինքն՝ փորձում էին գնե՞լ նրա անմեղության կանխավարկածը»,- եզրափակել է ֆրանսիացի պաշտպանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее