«Ժառանգության» առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր այցելել է Լոռիի մարզ եւ հանդիպումներ ունեցել բնակիչների հետ:
Վանաձորցիների հետ հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանը ասել է, թե ապրիլի 9-ին բոլորը պետք է երդվեն ազատ, անկախ Հայաստանի համար եւ սփյուռք-Ղարաբաղ-Հայաստան միասնական լինեն. այս մասին գրում է Նյուզ.am-ը:
«Ժառանգության» առաջնորդը անդրադարձել է նաեւ Լոռիի մարզպետին եւ Վանաձորի քաղաքապետին: Նա քաղաքապետից պահանջել է հրապարակավ ներողություն խնդրել իր իսկ ժողովրդին անգիտակից անվանելու համար:
Րաֆֆի Հովհաննիսյանը քայլել է Վանաձորի փողոցներով, բարևել բնակիչներին: Քայլերթի ժամանակ նա մտել է ՀԱԿ-ի Վանաձորի շտաբ, որտեղ այդ պահին ներկա էին Լեւոն Զուրաբյանը եւ այլ ՀԱԿ-ականներ: Նրանք զրուցել են, հետաքրքրվել միմյանց որպիսիությամբ: Այնուհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը մտել է ՀՅԴ Վանաձորի շտաբ եւ շարունակել քայլերթը Վանաձորի փողոցներով: