Աժ-ում քննարկվում է երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին նախագիծը, որի հեղինակներն են` Մանվել Գրիգորյանը, Սեդրակ Սարոյանը, Սամվել Ֆարմանյանը: Օրենքի նախագիծը բաղկացած է 5 հոդվածից:
Հեղինակների, տվյալ դեպքում ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանին հարցեր ուղղեցին մի շարք պատգամավորներ, որոնց հնչեցրած հարցերի մեծ մասը վերաբերում էին ազատամարտիկների, կամավորների սոցիալական վիճակին: Սակայն Սամվել Ֆարմանյանի խոսքով, օրինագիծը վերաբերում է երկրապահ, կամավորի կարգավիճակի տրամադրմանը, իսկ պետական միջոցների աճին զուգընթաց առաջնահերթ խնդիր է` արժանին մատուցել քաջորդիներին, որոնք վտանգել են իրենց, իրենց ընտանիքը` կերտելով փայլուն հաղթանակ:
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը ելույթում կարևորեց հետևյալ` օրենքի հիմքում արդարության, հավասարության առկայությունը:
«Եթե ոչ` մեղք կգործենք տղաների առջև»,-ասաց Արամ Մանուկյանը` հավելելով, որ վերջերս հանդիպել է ազատամարտիկների հետ, որոնք մտահոգ են նրանում, որ հանկարծ թացը չորի հետ չխառնվի, կռվածն ու չկռվածը չխառնվի:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հետաքրքրումմ էր կամավորներին ամսական տրվելիք 5000-ական դրամը, որը ըստ նրա, կամավորները չեն ստանում, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին էլ հետաքրքրում էր, թե ինչո՞ւ 5000 դրամ հարցը:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, պատասխանելով հարցին` ասաց, որ ազատամարտիկները, ովքեր ունեն ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ, համաձայն 2011թ. որոշման, ստանում են 5000-ական դրամ:
Պատգամավորների ելույթների ժամանակ անընդհատ միջամտում էր գեներալ Սեյրան Սարոյանը, ում ընդահատեց Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը` խնդրելով չմիջամտել. «Թողե'ք թող մարդիկ խոսեն, կարծիք հայտնեն, մթոմ օգուտ եք տալիս»,-ասաց Աժ նախագահը: