Արդեն տեղեկացրել ենք, որ DailyMail-ն անդրադարձել էր ամերիկյան աստղ Քիմ Քարդաշյանի նախնիների՝ Հայոց ցեղասպանությունից փրկվելու պատմությանը և ներկայացրել նրա տոհմածառը:
Հատկանշականն այն է, որ թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` այդ տեղեկությունների հրապարակումից հետո Քիմ Քարդաշյանի պապական գյուղում` Կարսի Քարաքալեում մեծ ոգեւորություն է սկսվել: Ավելին` գյուղի բնակիչները ցանկանում են Քիմ Քարդաշյանի անունով կոչել իրենց գյուղի դպրոցը, իսկ մի մասն էլ առաջարկում է Կարսի հայտնի Քաշար պանիրը կոչել նրա անունով:
Սակայն գյուղացիներին այդքանը չի բավարարում, նրանք հրավիրում են Քիմ Քարդաշյանին Քարաքալե գյուղ, որտեղ նրան պատրաստ են հյուրասիրել Կարսի հայտնի ուտեստով՝ սագով:
Քարաքալեի գյուղապետն էլ իր հերթին նշել է, թե իրենց գյուղում նախկինում հայեր են ապրել, որոնց գնալուց հետո է իրենք Վրաստանից եկել և հաստատվել են այդ գյուղում։ Գյուղապետի խոսքով` իրենց մոտ դեռեւս կանգուն են հայերի կառուցած տներից 25-ը, ինչպես նաև գյուղի մոտ պահպանվել է հայկական գերեզմանոցը։