Արդեն տեղեկացրել ենք, որ հուլիսի 31-ին Կարսի բնակիչ 35-ամյա հովիվ Մուսթաֆա Ուլքերը պետական սահմանը հատելիս ռուս սահմանապահների կողմից վիրավորվել էր և հաջորդ օրը մահացել:
Երկար սպասեցնել չտվեց դեպքի առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը, որտեղ մասնավորապես շեշտվում է, որ «իրենց անմեղ քաղաքացուն հասարակ մի սահմանախախտության պատճառով կրակել և սպանել են»:
Այսօր, սակայն, ИТАР-ТАСС գործակալության թղթակցին ՌԴ ԱԴԾ (ФСБ) Սահմանապահ ծառայության մամուլի խոսնակ Սերգեյ Գրեչինը հայտնել էր, որ Մուսթաֆա Ուլքերը կրակահերթ է բացել ռուս սահմանապահների ուղղությամբ և փորձել է ներխուժել հայկական տարածք: Որից հետո միայն ռուս սահմանապահները կրակ են բացել:
Ցավոք, չուշացավ նաև ՀՀ արտգործնախարարության արձագանքը, որն այս պարագայում մեղմ ասած անտրամաբանական է:
«ՀՀ արտգործնախարարությունը հայտագրով օգոստոսի 1-ին դիմել է թուրքական կողմին, որտեղ ցավ է արտահայտվել հուլիսի 31-ին հայ-թուրքական սահմանին գրանցված միջադեպի կապակցությամբ, և հույս հայտնվել, որ նմանատիպ դեպքերն ապագայում չեն կրկնվի»: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
Հայտարարությունը բնականաբար միանշանակ չընդունվեց ու չընկալվեց:
ASEKOSE.am-ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի հետ.
-Պարոն Շաքարյանց, ինչպե՞ս եք գնահատում արտգործնախարարության քայլը: Այն դեպքերում, երբ այս գերատեսչությունը պարտավոր էր հստակ դիրքորոշում արտահայտել, համառորեն լռում էր… իսկ այսօր մեղայական հայատարարություն է ուղարկում մի երկրի, որի հետ Հայաստանի հարարաբերությունների մասին ավելորդ է անգամ հիշեցնել: Այն պարագայում, երբ մենք չճանաչված Ցեղասպանություն ունենք:
-Ես չեմ հիշում, որ մեր արտգործնախարությունը երբևէ որևէ պաշտոնական նոտայով կամ մեկնաբանությամբ հանդես եկած լինի այն ժամանակ, երբ Թուրքիայում բազմաթիվ հայեր են սպանվել: Խոսքս արդի Թուրքիայի մասին է: Ես չեմ հիշում, որ այս կառույցը երբևէ որևէ դիրքորոշում արտահայտած լինի այն ժամանակ, երբ դիցուք` թուրքական կողմից ինչ-որ յուրօրինակ տարբերակով անասուններ են գողանում Հայաստանի տարածքից և այլն: Նման դեպքերի մասին կարելի է անվերջ խոսել: Ես չեմ հիշում, որ մեր արտգործնախարարությունը որևէ շտապ փաստաթուղթ ձևակերպեր և ուղղեր Անկարային: Այս ֆոնին, իհարկե, բացասական է իմ վերաբերմունքը այդ հայտարարության վերաբերյալ: Չսպասելով, թե հետաքննությունն ինչ արդյունքներ կտա, չսպասելով, թե սահմանապահ զորքերի հրամանատարությունը` ինչպես հայկական, այնպես էլ ռուսական, ինչ եզրակացություն կներկայացնեն հասարակությանը, գնալ այդպիսի քայլի, նշանակում է, որ Հայաստանում թուրքեր են ապրում, կամ թուրքամետներ և աջից ձախ աշխատում են թուրքերին դուր գալու համար:
Ես այսպես եմ մեկնաբանում: Հակառակ պարագայում արտգործնախարարությունը պիտի սպասեր, մինչև հետաքննությունը պաշտոնապես ավարտվի և արդյունքները հայտարարվեն հրապարակավ, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չմնա, թե այդ միջադեպը տեղի է ունեցել այնպես, ինչպես ձևակերպում էին թուրքական ԶԼՄ-ները: Թե եղել են այլ հանգամանքներ: Հայ-թուրքական սահմանի տվյալ հատվածը լիովին վերահսկվում է ռուս սահմանապահների կողմից: Մենք գործ ունենք ոչ թե թուրք հովվի կողմից սահմանը անզգուշաբար հատելու, այլ միտումնավոր ապօրինի խախտելու փաստի հետ: Թե ինչ նպատակով, ես չեմ ուզում խորանալ: Մի բան սակայն հստակ է` սահմանը խախտողին ե՞րբ են կրակում, երբ նա չի ենթարկվում հրանամանին` կանգնել, կամ առաջինը նա է կրակ բացում: Եվ ահա այս պարագայում մեր արտգործնախարարության քայլը պետք է արժանանա միմիայն քննադատության: Դա բարոյազրկված հայտարարություն է: Եթե միջադեպը հայկական կողմի մեղքով լիներ, միգուցե ինչ-որ տեղ հասկանալի լիներ, բայց այս պարագայում Թուրքիայի քաղաքացին է մեղավոր:
Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան