Թուրքական «Ռադիքալ» օրաթերթն անդրադարձել է Բաքվում ծնված, բայց վերջին 20 տարում Հայաստանում փախստականի կարգավիճակով ապրող Գրիգորի Այվազյանի` Ադրբեջանի նախագահական ընտրություններում առաջադրվելու հարցին: Այվազյանը ղեկավարում է Ադրբեջանի հայերի կոնգրեսը: Նա խոստանում է ընտրվելու դեպքում ինքնավարություն տալ Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին, իսկ ալիևյան կլանի թալանած հարստությունը վերադարձնել Ադրբեջանի ժողովրդին: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Թուրքական պարբերականը նկատել է տալիս, որ Ադրբեջանից դեռ պաշտոնական արձագանք չի եղել Այվազյանի թեկնածության առաջադրմանը: Ստամբուլում տպագրվող «Ագոս» շաբաթաթերթին տված պարզաբանման մեջ Գրիգորի Այվազյանը նշել է, որ, հակառակ բոլոր վտանգներին, ինքը փորձելու է անպայման մասնակցել Ադրբեջանի նախագահական ընտրություններին:
Վերջում «Ռադիքալ»-ը «Սարգսյանի նախապատվությունը» ենթավերնագրի ներքո ներկայացնում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե Երևանին ցանկալի է ժողովրդավարական Ադրբեջան ու որ եթե Իլհամ Ալիևը ձերբազատավի հայաֆոբիայից և ղարաբաղյան բանակցություներում կամք ցուցաբերի, կլինի ամենաընդունելի տարբերակը:
«Գրիգորի Այվազյանի թեկնածությունը և «Սարգսյանի նախընտրությունը» հայ հասարակությունում մեծացրել է հետաքրքրությունը հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահակական ընտրությունների նկատմամբ»,-գրում է «Ռադիքալ»-ը: