Օրեր առաջ, երբ ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, թե Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղադրված տեսախցիկների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նա դեպքի վայրում չի եղել և չի մասնակցել փոխհրաձգությանը, «փոթորիկ» բարձրացավ: Հասարակության մի ակտիվ զանգված ակտիվորեն շրջանառում էր այն տեսակետը, թե դրանով փորձ է արվում կոծկել իրականությունը:
Ի դեպ, նախօրեին «Ա1+»-ի կողմից տարածված տեսանյութում ևս Սյունիքի նախկին մարզպետը փոխհրաձգության ժամանակ չի նկատվում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում բավականին խնդրահարույց և վստահություն չներշնչող դատավարություններ են եղել, հասարակությանը դժվար է մեղադրել կասկածամտության համար: Սակայն մյուս կողմից պետք է փաստել, որ զինդատախազի հայտարարությունը, կարծես թե, մի փոքր ճիշտ չի ընկալվել:
Այն, որ Սուրիկ Խաչատրյանը փոխհրաձգության պահին չի եղել դեպքի վայրում դեռ չի նշանակում, որ դրանով նրա նկատմամբ քրեական գործ հարուցելը դառնում է անհնարին: Բուդաղյան եղբայրները հենց այնպես չէին եկել նախկին մարզպետի տուն: Ակնհայտ է, որ փոխհրաձգության դրվագին նախորդել էին այնպիսի իրադարձություններ, որոնց արդյունքում Բուդաղյան եղբայրները ստիպված էին եղել նախկին մարզպետի տուն գալ զինված: Ըստ տարածված տեղեկությունների` Սուրիկ Խաչատրյանը ողբերգական միջադեպից մի քանի ժամ առաջ հայհոյել ու ծեծի էր ենթարկել Ավետիք Բուդաղյանին, ինչից հետո վերջինս զանգել էր եղբորը՝ Արտակ Բուդաղյանին, և նրանք միասին գնացել էին նախկին մարզպետի տուն:
Փոխհրաձգության պահը տեսախցիկներով ֆիքսվել է և դրանով շատ հարցեր ստանում են իրենց պատասխանը, սակայն շատ կարևոր է նաև պարզել, թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել մինչև փոխհրաձգությունը: Ինչպիսի՞ վարք է դրսևորել Սուրիկ Խաչատրյանը, ինչը Բուդաղյան եղբայրներին դրդել է ծայրահեղ քայլի գնալ և վերջապես, ո՞ւր է փոխհրաձգության պահին եղել Սուրիկ Խաչատրյանը:
Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գրառումը
Ֆեյսբուք