«Վահան Իշխանյանի, Սառա Խոջոյանի և Մերի Երանոսյանի համահեղինակությամբ լույս է տեսել «Համայնք և երկիր» աշխատությունը, որը Հայաստանում խղճի ազատության վերաբերյալ ուսումնասիրություն է: Վահան Իշխանյանն ասում է, որ իրենք գիրքը վերնագրել են «Համայնք և երկիր»՝ ցանկանալով ցույց տալ, որ Հայաստանում ապրում են բազմաթիվ կրոնական համայնքների ներկայացուցիչներ: Հեղինակներն անդրադարձել են Հայաստանում խղճի ազատության հետ կապված ամենատարբեր խնդիրների՝ սկսած քաղաքականից. համեմատելով, թե Հայաստանի Հանրապետության երեք նախագահներից ում պաշտոնավարման օրոք ինչպիսին է եղել վերաբերմունքը խղճի և դավանանքի ազատության նկատմամբ, մինչև Առաքելական եկեղեցու հետևորդ հայտնի մարդկանց, մասնավորապես՝ դերասանների նկատմամբ դրսևորվող վերաբերմունքը: Օրինակ, դերասանուհի Աննա Էլբակյանը, ով, ըստ աշխատության հեղինակների, Ավետարանական եկեղեցու ճյուղավորում հանդիսացող «Ռեմա» եկեղեցու անդամ է, ասում է. «Դուք չգիտեք. ամենափոքր հիշատակումը, որ մենք այլ եկեղեցում ենք, արժենում է մեզ գիշերներ, գիշերներ, անքուն գիշերներ»: Նույն Աննա Էլբակյանը պատմում է, թե ինչպիսի հալածանքների է ենթարկվում ինքը ոչ առաքելական եկեղեցու հետևորդ լինելու համար. «Ես իրոք հալածվել եմ, լրջորեն հալածվել: Մեզ զրպարտել են բազմաթիվ անգամներ, նույնիսկ այնպիսի անհեթեթ զրպարտություն, թե մեր ընտանիքը զբաղվում էր, ոչ ավել, ոչ պակաս՝ անառակությամբ`գրուպեն սեքսով»:
Ինչ վերաբերում է երեք նախագահների պաշտոնավարման շրջանները խղճի ազատության տեսակետից համեմատելուն, ապա գրքի հեղինակները գրում են. «Կրոնագետներն ու Հայաստանում խղճի ազատության փորձագետները, գնահատելով երկրում անցած 23 տարիներին դավանանքի ազատության վիճակը, ասում են, որ կրոնական խմբերի համար վատագույն ժամանակը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարության շրջանն էր: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարության ժամանակահատվածը գնահատվում է համեմատաբար խաղաղ և հանդուրժող, իսկ Սերժ Սարգսյանի նախագահության փուլը` ավելի համակարգված անհանդուրժողականությամբ»:
Ուշագրավ այլ հոդվածներ` «168 Ժամ» թերթի այսօրվա համարում