Այսօր վաղ առավոտյան թեհրանահայ մի շարք միությունների՝ ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի, Իրանահայ ազգային եւ մշակութային միության, Նարմաք եւ Մաջիդիէ քաղաքամասերի Աշխարհատեսների հայկական կենտրոնների եւ «Արաքս» շաբաթաթերթի հրավերով Թեհրան ժամանեց Թուրքիայի Ստամբուլ քաղաքում հրատարկվող «Ակօս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը, ով որպես բանախոս հանդես է գալու Հայոց Ցեղասպանության 99-ամյակի առիթով կազմակերպված ձեռնարկներում:
Պրն. Էստուկյանի համար նախատեսված է հետևյալ ծրագիրը.
Նա այսօր՝ ապրիլի 29-ին, հանդիպելու է վերոհիշյալ միությունների անդամների եւ պատասխանատուների հետ ու նաեւ այցելելու է Նարմաք քաղաքամասի Աշխարհատեսների հայկական կենտրոն:
Ապրիլի 30-ին մասնակցելու է իրանական եւ հայկական համատեղ մամլո ասուլիսի: Նույն օրը երեկոյան հանդիպելու է Իրանահայ ազգային եւ մշակութային միության անդամների հետ:
Մայիսի 1-ի առավոտյան այցելելու է որոշ հայկական կառույցներ, իսկ երեկոյան ելույթ է ունենալու ՀԲԸՄ-ի երեցների բաժանմունքի կողմից կազմակերպված ծրագրում:
Մայիսի 2-ի առավոտյան այցելելու է հայկական եկեղեցիներ, իսկ երեկոյան ելույթ է ունենալու «Րաֆֆի» համալիրի մեծ դահլիճում:
Մայիսի 3-4-ին Էստուկյանը մեկնելու է Սպահան եւ Շահինշահր՝ ծանոթանալու այդ քաղաքների հայկական կենտրոններին:
«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 29 Ապրիլի 2014