▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տատիկից ժառանգած քյամարը կամ քավորի նվեր ոսկին չեք կարող վաճառել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2025 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկի օրենսդրական փոփոխություններից հետո ոչ միայն առևտրական գործունեության հարկը 5%-ից բարձրացավ 10%-ի, այլև ոսկի վաճառողը այսուհետև պետք է ներկայացնի ապրանքի ձեռքբերման աղբյուրը հավաստող փաստաթղթեր։
Օրինակ՝ այսուհետև տատիկն իր ոսկե քյամարը պետք է, ըստ երևույթին, գույքագրի, ապա կտակով փոխանցի ժառանգին։ Կամ որ ավելի վատ է, քավորը նվեր ոսկեղենը կնոջ հետ պարեցնելու հետ մեկտեղ պետք է պարեցնի նաև ոսկու գնման հիմքը՝ փաստաթուղթը։
Օրերս ոսկերիչները և ոսկեվաճառները իրենց բողոքի ձայնը բարձրացրին Կառավարության առջև, որը, սակայն, մնաց անպատասխան և անարձագանք։

Ոսկերիչների առաջ դրվել է ոչ միայն ֆակտուրա ներկայացնելու պահանջ, այլև մի շարք այլ դրույթներ ևս, որոնց մասին «Ոսկու շուկայի» մի մասն իրազեկվել է, մի մասը՝ ոչ։

Իրազեկման թերթիկում ասվում է. «Իրազեկում 2025 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկի օրենսդրական փոփոխությունների մասին.

Առեւտրական գործունեության հարկը 5%-ից փոխվում է 10%-ի։

Այսպիսով՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը նվազեցվում են միայն ապրանքների ձեռքբերման փաստաթղթերով հիմնված ծախսերի 4%-ը, իսկ 2025թ. հունվարի 1-ից՝ փաստաթղթերով հիմնված բոլոր ծախսերի 9.5%-ը, իսկ շրջանառության 1.5%-ի փոխարեն՝ 1%-ը»։
Այս օրենքի փոփոխությամբ՝ այն կազմակերպությունները, որոնց ապրանքների ձեռքբերումները 2024 թ. ընթացքում կազմել են մինչեւ 24 միլիոն դրամ գումար, նրանք պետք է 2025 թվականի փետրվարի 1-ի դրությամբ կատարեն գույքագրում ապրանքների փաստացի առկայության մասին։

Հաջորդիվ հարկային տեսչական մարմինն իրավունք է ունենալու այցելելու և ստուգելու ապրանքային շարժը, որը մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը իրավունք չուներ։

Փաստացի ստուգման պահին ապրանքային մնացորդները եթե տարբերություն տան, ոսկեվաճառները կտուգանվեն: Այսինքն՝ ոսկեղենի բոլոր տեսակները պետք է գրանցված լինեն և ունենան ձեռքբերման փաստաթուղթ: Եթե չունենան, հաշվարկված գումարի 20%-ի չափով վճարվելու է տուգանք, իսկ մեկ տարվա ընթացքում կրկին նույն արարքը կատարելու դեպքում՝ 50%-ի չափով տուգանք։
Նկատենք, որ երբ ապրանքային մնացորդները ստուգեն, պակաս լինելու դեպքում՝ կդիտվի թաքցված վաճառք, և կհաշվարկվի շրջանառության հարկ կամ տույժ։

Ստացվում է, որ տատիկի քյամարը և քավորի ոսկյա նվերը այլևս ոչ մի ոսկերիչ կամ «ոսկի առնեմ», «ոսկի՞ եք վաճառում» բղավող շուկայում չի գնի՝ առանց ձեռքբերման հավաստման փաստաթղթի։

Նման կերպ Կառավարությունը փորձում է, ինչպես տնտեսվարողներն են ասում, մանր և միջին բիզնեսի վերջը տալ, ասել է թե՝ ոլորտը դարձնել օլիգարխիկ մոնոպոլիստների, խոշորների զբաղմունքը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее