▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարոն Մարգարյանը Կենտրոնի ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔԸ ՎԱՃԱՌԵԼ Է ՀՀԿ պատգամավորին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը թույլատրել է ԱԺ Հանրապետական պատգամավոր, ՀՀԿ կենտրոնի գրասենյակի ղեկավար Ռուբեն Սադոյանին կառուցապատում իրականացնել Կենտրոնի կանաչ տարածքի հաշվին: Խոսքը Քաջազնունու փողոցի 4/1 և 4/3 հասցեում գտնվող բակային կանաչ տարածքի մասին է, որը գտնվում է ՀՀԿ-ական պատգամավորին պատկանող «Յունիգրաֆ-իքս» ընկերության հետնամասում:

Այս մասին գրում է Առաջին լրատվական` 1in.am-ը, նշելով, որ չնայած քաղաքապետարանի թույլտվության մասին վկայող կառուցապատման ցուցանակի վրա գրված է, որ կանաչ տարածքում կառուցվում է հասարակական բազմաֆունկցիոնալ շենք և պատվիրատուն Էմմա Արիստակեսյանն է,  հայտնի է դարձել, որ այդտեղ է տեղափոխվելու ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանին պատկանող «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունը և կառուցապատողը հենց «Յունիգրաֆ-Իքսն» է:  «Յունիգրաֆ-իքսը» պայքարում է թափառող շների դեմ` քաղաքապետարանի գումարներով. հաղթող է ճանաչվում մրցույթներում ու իրականացնում քաղաքապետարանի պատվերը:

Ի դեպ, «Յունիգրաֆի» ներկա շինությունը ևս մայթի գազոնի հաշվին է կառուցվել ժամանակին:

Առաջին լրատվաանն արձանագրում է, որ, փաստորեն, Կենտրոնից ընտրված ՀՀԿ պատգամավորը, ով Գագիկ Բեգլարյանի հովանավորյալն է, ոչ միայն քաղաքում թափառող կենդանական աշխարհի դեմ է պայքարում, այլև բուսական և Տարոն Մարգարյանի թույլտվությամբ գրավում է առանց այդ էլ սակավաթիվ կանաչ տարածքները: Այսպիսով, Քաջազնունի փողոցի մայթերի բոլոր գազոններում քարե շինություններ են կառուցվել` կանաչի հաշվին, իսկ Տարոն Մարգարյանը շարունակում է թույլտվություններ տալ և կանաչապատել քաղաքապետարանի մերձակայքը:

Ուշագրավն այն է, որ Ռուբեն Սադոյանը Կենտրոնի թաղապետ Արա Սադոյանի եղբայրն է, ով ի պաշտոնե պարտավոր է ամեն ինչ անել Կենտրոնի կանաչ տարածքները պահպանելու համար: Մինչդեռ նույն փողոցում մնացած սակավաթիվ գազոնները որևէ կերպ չեն մշակվում:


Այսպիսով, Երևանի կանաչապատման մասին հայտարարություններ անող քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի նկատում կառուցապատումները կամ անխնամ ու տափաստանների վերածված գազոնները հատկապես այն դեպքում, երբ այդ տեղերում կառուցապատում իրականացնում է որևէ պաշտոնյա կամ թաղային հեղինակություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее