Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, նախկին Թիվ 5 խմբի երգիչ Մանվել Խաչատրյանը պատմել է մոտ մեկ ամիս առաջ իրեն մատուցված “հաճելի” անակնկալի մասին. թալանել են իր վարձակալած տունը, որտեղ բնակվում է կնոջ եւ երեխայի հետ` գողանալով գումար եւ ոսկեղեն:
-Քանի որ թատրոնում այդ օրը մինչեւ ուշ ժամի փորձի էի լինելու, կնոջս ուղարկել էի Գյումրի` ծնողներիս մոտ: Երբ վերադարձա տուն եւ փորձեցի դուռը բացել, զգացի` բանալին փականի մեջ դժվարությամբ է մտնում: Թեթեւ հրեցի, դուռը բացվեց: Արդեն հասկացա, որ մի բան այն չէ: Դրամապանակս, որի մեջ իմ բոլոր փողերն էին, ամբողջովին դատարկ էր. առավոտյան էի այն հանել դարակից, վերցրել ինձ անհրաժեշտ գումարը, իսկ մնացածը թողել սեղանին, այնպես որ գողերը երկար չեն էլ փնտրել: Տարել են նաեւ մեր ամբողջ ոսկեղենը,-bravo.am-ին հայտնել է Մանվել Խաչատրյանը:
Հարցին, թե որքան է կազմել հասցված վնասը, Մանվել Խաչատրյանը պատասխանել է հետեւյալը. “Շատ ուժեղ շոկ ապրեցի. շատ տարօրինակ զգացողություն էր: Քարացել էի տեղում, հետո ուշքի եկա, գնացի հարեւանների մոտ, նրանք էլ անմիջապես ոստիկանություն զանգահարեցին, որոնք եկան մեծ շքախմբով, ամեն ինչ հետազոտեցին, նկարահանեցին, հարուցեցին քրեական գործ: Ողջ գողոնը գնահատվեց շուրջ 3 մլն դրամ, որն ինձ համար մեծ գումար է”:
“Ես ծագմամբ գյումրեցի եմ, մեզ մոտ ընդունված է հարսանիքին ոսկի նվիրել: Տատիկիս` ժառանգաբար փոխանցված ժամացույցը եւ ինձ ու տիկնոջս համար թանկ այլ իրեր եւս այլեւս չունենք: Մտածում էի` արդեն հասել եմ այն տարիքին, որ այլեւս ոչ մի զգացողություն առաջին անգամ չի լինի, բայց սխալվում էի. դատարկության նման տարօրինակ զգացողություն երբեւէ չէի ունեցել”,-հավելել է Մանվելը: