«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը /ք․ Գորիս/ խիստ մտահոգված է շրջանառվող տեղեկություններով, որ Սյունիքի մարզպետի պաշտոնակատար նշանակված Արա Դոլունցն առաջիկայում կարող է նշանակվել մարզպետ:
Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ. «Եթե դա տեղի ունենա, ապա կարելի է արձանագրել, որ Դոլունցը ենթակա է լինելու ոչ թե Սյունիքի ժողովրդին և ՀՀ կառավարությանը, այլ հանդիսանալու է Սուրիկ Խաչատրյանի անձնական մարզպետը:
Այսօր պատմական հնարավորություն է ստեղծվել թոթափել Սյունիքը Լիսկայի չարաբաստիկ ազդեցությունից, և Սերժ Սարգսյանը պետք է օգտագործի այն: Սյունիքին հարկավոր է չպղծված մարզպետ, իսկ անձամբ Լիսկայի և նրա «մանկլավիկների» միջև էական տարբերություն չկա:
Հորդորում ենք Սերժ Սարգսյանին Սյունիքի մարզպետի թեկնածուի ընտրության ժամանակ որպես չափորոշիչ ընդունել տխրահռչակ Սուրիկ Խաչատրյանի ստեղծած հանցավոր համակարգի հետ որևէ առնչություն չունենալը»:
Հիշեցնենք, որ, անդրադառնալով լուրերին, որ Սյունիքի մարզպետի պաշտոնակատար նշանակված Արա Դոլունցն առաջիկայում կարող է նշանակվել Սյունիքի մարզպետ, «168 ժամ» թերթն օրերս գրել էր, որ «Եթե դա տեղի ունենա, ապա կարելի է արձանագրել, որ Սուրեն Խաչատրյանը, սեփական պատգամավորից բացի, կունենա սեփական մարզպետ»։