Գորիսի նախկին քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իրեն դատի է տվել:
Ինչպես հայտնի է, Սամվել Հարությունյանը բազմաթիվ բացահայտումներ էր արել Սուրիկ Խաչատրյանի հետ կապված: «Միայն վերջին 80 օրերին հեռուստաեթերով, այլ ԶԼՄ-ներով ունեցածս ավելի քան 20 ելույթներում, հայտարարություններում, հարցազրույցներում հրապարակել եմ Լիսկայի եւ նրա բանդայի կատարած ոճիրների մասին ճչացող փաստեր, ապացույցներ, քանիցս պահանջել եմ, որ ՀՀ իրավապահ համակարգի ղեկավարները վերջակետ դնեն վերջինիս 23-ամյա արտասովոր քրեական ընթացքի հետ կապված, դրսեւորած հանցավոր անգործությանը, անհապաղ հարուցեն քրգործ, ձերբակալեն ու կալանավորեն նրան: Սակայն մինչ օրս քրեական գործ չի հարուցված»,- ասել է Սամվել Հարությունյանը: Նա վստահ է, որ Սուրիկ Խաչատրյանը իր պետական եւ մյուս լծակներն է օգտագործում՝ իր կատարած ոճիրները պարտակելու ուղղությամբ. «Անկասկած, ճչացող ցինիզմ է, որ այդքանից հետո Խաչատրյանն իրեն իրավունք է վերապահել հրապարակածս մոտ 50 փաստերից առանձնացնել ընդամենը երկուսը՝ փորձելով հենվել այն իրողության վրա, որ Արեւիկ Միրզոյանի վրա 92-ին կրակելու եւ Անուշավան Առուշանյանի վրա 96-ին կրակելու փաստերի վերաբերյալ հարուցված քրգործերը առաջինի դեպքում զինդատախազության, իսկ երկրորդի դեպքում՝ Գորիսի դատախազության կողմից ջրվել, հետո էլ հանիրավի կասեցվել, ապա կարճվել են: Այդ ծանր հանցանքների համար նա չի ենթարկվել քրեական պատասխանատվության»:
Ըստ Սամվել Հարությունյանի, վրդովեցուցիչ է, որ դատարանը աճապարելով՝ վարույթ է ընդունել Սուրիկ Խաչատրյանի հայցադիմումը. «Հայաստանում արյունարբու, դահիճ, բռնաբարող, թալանչի, կողոպտիչ, հափշտակիչ, կեղծարար, վնասատու, իշխանության եւ հայրենիքի զավթիչ, արտագաղթի մեղավոր, բառերի միավորման այդ եւ այլ արատավոր երեւույթների վրա խարսխված համակարգը վերից վար կոչվում է լիսկայություն»:
Առավել մանրամասն` այստեղ