«Հրապարակ» թերթը գրում է, որ Հանրապետական կուսակցության հերթական ԳՄ նիստը տեղի կունենա շաբաթ օրը, որովհետեւ ապրիլի 24-ին Եղեռնի հուշահամալիր այցելելուց, զոհերի հիշատակը հարգելուց հետո Սերժ Սարգսյանը մեկնելու է Չեխիա: «Նա մասնակցելու է Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին, որի հրավերը նա ստացել էր այս տարի հունվարին Չեխիա կատարած այցի ժամանակ, երբ այդ երկրի նախագահ Միլոշ Զեմանը, արտաբերելով «ցեղասպանություն» տերմինը` տեղեկացրեց, որ ապրիլի 24-ին Պրահայում տեղի է ունենալու Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, որին մասնակցելու է նաեւ Ս. Սարգսյանը: Ինչ վերաբերում է շաբաթ օրը տեղի ունենալիք ԳՄ-ին, ապա այդ օրն արդեն հայտնի կլինի, թե ով է դառնալու ԱԺ նախագահը, ինչպիսին է լինելու ապագա կառավարության հիմնական կազմը: Ի դեպ, մեր աղբյուրների տեղեկացմամբ, ըստ ամենայնի կառավարությունում տեղ կունենան նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը եւ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը»:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում