▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սխոդկա» Հովիկ Աբրահամյանի մոտ. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է մի քանի տասնյակ խոշոր գործարարների հետ։ Հանդիպումից հետո դրան մասնակցած, մեղմ ասած, խոշոր գործարարների կամ, ավելի հասկանալի լեզվով ասած` օլիգարխների կցկտուր խոսքերից պարզ դարձավ, որ Աբրահամյանը նրանց հավաքել էր «ախպերավարի զրուց անելու», ինչը, մեր պաշտոնյաների ու գործարարների մեծամասնությանը հոգեհարազատ բառապաշարով` կոչվում է «սխոդկա»: Իրականում երեկվա այդ հանդիպումը ոչ այլ ինչ էր, քան խմբակային հաղորդում հանցագործության մասին: Միանգամից մի քանի հանցագործությունների:

Նախ` երեկ Մելիք-Ադամյան փողոցում էին հավաքվել բոլոր նրանք, ում Սահմանադրությամբ արգելվում է զբաղվել բիզնեսով՝ ԱԺ պատգամավորները եւ կառավարության անդամները: Նրանք, իհարկե, բոլորը հայտարարում են, թե բիզնեսով չեն զբաղվում, այլ ընդամենը սեփականատերեր են: Այդ դեպքում, սակայն, հարց է առաջանում` ինչո՞ւ վարչապետի հետ հանդիպմանը չէին ներկայացել նրանց բիզնեսների մենեջերները: Մյուս կողմից, սակայն, այդ հարցը ծիծաղելի է, քանի որ այդ դեպքում վարչապետի փոխարեն էլ մյուս գործարարների հետ պետք է հանդիպեր նրա ձկնբուծարաններից կամ գործարաններից մեկի տնօրենը: Իսկ ամենամեծ հարցն այն է՝ ո՞վ էր երեկ հանդիպում խոշոր գործարարներին՝ ՀՀ վարչապե՞տ Հովիկ Աբրահամյանը, թե՞ ՀՀ ամենախոշոր գործարարներից, կալվածատերերից մեկը՝ Հովիկ Աբրահամյանը:

Եվ երբ նա հանդիպման ընթացքում խոստանում էր այլեւս բոլորի համար ապահովել հավասար պայմաններ, դա վերաբերում էր վարչապե՞տ Հովիկ Աբրահամյանին, թե՞ գործարար Հովիկ Աբրահամյանին: Անհեթեթ թվացող այս հարցերը պայմանավորող պատճառներն են իրականում Հայաստանի ամենամեծ խնդիրները: Իսկ դրանք երեկվա ու նման հանդիպումների ընթացքում ոչ թե լուծվում, այլ ավելի են խորանում: Ինչ վերաբերում է հանդիպման ընթացքում հնչած մտքերին, որոնց մասին տեղեկություններ են փոխանցել մտագործունեության նկատմամբ առանձնապես մեծ հակում չունեցող խոշոր գործարարները, ապա դրանք եւս ամբողջությամբ ենթակա են Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներին»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «168 ժամ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее