«Վերջին օրերին որոշ խանութներում նկատվել է ձեթի թանկացում: Հանրության շրջանում էլ համառ լուրեր են շրջում, որ առաջիկա օրերին ձեթի թանկացումը կդառնա համատարած և զգալի: Նույնիսկ կանխատեսումներ կան, որ թանկացումը կլինի առնվազն 5-7 տոկոսով:
Սա ուշագրավ է նրանով, որ համաշխարհային շուկայում ձեթի գնի փոփոխություն տեղի չի ունեցել: Չի փոխվել նաև դրամի փոխարժեքը, որը կարող էր ազդեցություն ունենալ ներկրվող ձեթի գնի վրա: Եվ ուրեմն, ո՞րն է խնդիրը: Ձեթի հնարավոր թանկացման լուրերի ետևում թաքնված է ստվերը կրճատելու մասին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ վերջերս արած հայտարարությունը: Խնդիրն այն է, որ ձեթի շուկայում խոշոր խաղացող է Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամոյին) պատկանող «Ալեքս գրիգ» ընկերությունը, բայց շուկայում կան նաև ավելի փոքր տնտեսվարողներ:
Եվ ահա, վերջիններս լուրջ են ընդունել Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությունը, թե ստվերը պետք է կրճատվի, և մեծածախ մատակարարները ապրանքները խանութներին պետք է մատակարարեն բացառապես հաշիվ ապրանքագրերով:
Ներկայումս այս ոլորտում զգալի ստվեր կա: Այսինքն, ձեթի մի մասը խանութներին մատակարարվում է հաշիվ-ապրանքագրերով, մյուս մասը` առանց դրա: Եվ այս իրավիճակը փոքր խաղացողներին հնարավորություն է տալիս մի կերպ դիմանալ մրցակցությանը: Ամբողջությամբ ստվերից դուրս գալու պայմաններում փոքրերը պարզապես չեն կարող աշխատել, քանի որ այդ դեպքում պետք է կտրուկ բարձրացնեն իրենց մատակարարած ձեթի մեծածախ գինը: Նրանք կմնան շուկայում, եթե նույն կերպ վարվի նաև խոշոր խաղացողը և բարձրացնի գինը:
Եվ հիմա ձեթի ոլորտում այս սպասողական վիճակն է: Ամենաուշագրավն այն է. որ ձեթը, պատկերավոր ասած, առաջին ծիծեռնակն է: Գրեթե բոլոր ապրանքների առումով նույն վիճակն է: Խանութների սեփականատերերը կանխատեսում են. որ եթե Հովիկ Աբրահամյանի՝ ստվերը կտրուկ կրճատելու մտահղացումը իրականություն դառնա, ապա միայն այդ պատճառով Հայաստանի խանութներում ապրանքները կթանկանան մինչև 10 տոկոսով»,–գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում