Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է հուլիսի 10-19-ն ընկած ժամանակահատվածում հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների հաշվետվությունը: Ըստ այդ հաշվետվության` ընթացիկ տարվա հուլիսի առաջին տասնօրյակում 2013 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ դուրս գրվող հարկային հաշիվների միջին օրական քանակների համեմատաբար մեծ աճ է արձանագրվել մի շարք կազմակերպությունների մոտ:
Պետք է նկատել, որ այդ կազմակերպությունները հիմնականում պատկանում են հայտնի գործարարների: Այդ ընկերությունների թվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ» ՍՊԸ-ն, որի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 2446 հատով՝ լրացուցիչ 138.9մլն դրամով: «ԴԵՐԺԱՎԱ Ս» ՓԲԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 3575 հատով` լրացուցիչ 116.8մլն դրամով: Այս ընկերությունն էլ պատկանում է ՀՀ ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանին, ով ավելի շատ հայտնի է Դերժավայի Արկադ մականվամբ: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 619 հատով` լրացուցիչ 57.0 մլն դրամով: Ներկայացվել է նաեւ 01.07-10.07 2014թ. ընթացքում 10.0 մլն դրամից ավելի ընդհանուր արժեքով հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկը: Դրանց թվում է` կրկին Սամվել Ալեքսանյանին պատկանող «ԱԼԵՔՍԳՐԻԳ» ՍՊԸ-ն, որտեղ անվավեր եւ չեղյալ ճանաչված հարկային հաշիվների քանակը 53-ն է, իսկ ընդհանուր արժեքը կազմում է 61,490,007.6 դրամ: Հաջորդը` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «ԱՐԱՐԱՏ ՑԵՄԵՆՏ» ՓԲԸ-ն է, որի անվավեր եւ չեղյալ ճանաչված հարկային հաշիվների քանակը 27 է , իսկ ընդհանուր գումարն էլ կազմում է 35,474,000 դրամ: Այս ցուցակում 9 հարկային հաշիվներով գտնվում է նաեւ «ՖԼԵՇ» ՍՊԸ-ն, որն էլ պատկանում է հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանին` Ֆլեշի Բարսեղին: Նույն ցուցակում է նաեւ «ՔԵԹՐԻՆԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն` 26 հաշիվներով եւ 11,978,882 դրամով: Այս ընկերությունն էլ պատկանում է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում