«ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երեկ արտահերթ խորհրդակցություն է հրավիրել: Փաստաբաններից մեկը վրդովված պատմում էր մեզ, որ գնացել է նիստի, սակայն գործով մասնակցող դատախազը չէր եկել՝ պատճառաբանելով, թե դատախազություն են կանչել: Ավելի ուշ լուր տարածվեց, որ Շիրակի մարզի դատախազին տեղափոխում են այլ աշխատանքի: Թեև պաշտոնապես այս լուրերը հերքվում են, բայց մեր աղբյուրները հակառակն են վստահեցնում: Ոստիկանական համակարգում սկսված կադրային փոփոխությունների ալիքը հասել է նաև դատախազություն: Մեր տեղեկություններով, առաջիկայում սպասվում է 3-5 դատախազի փոփոխություն, կլինեն տեղափոխություններ՝ մարզերից Երևան և հակառակը: Իրավապահ համակարգի մեր աղբյուրը պնդում է, թե այս փոփոխությունները պետք է դիտարկել Գևորգ Կոստանյան-Հրաչ Բադալյան պայքարի համատեքստում: Ասում են, թե գլխավոր դատախազը հերթական անգամ որոշել է ցույց տալ, թե ով է համակարգի «ասիչը»: Նշենք, որ Հրաչ Բադալյան-Գևորգ Կոստանյան հակամարտության մասին տևական ժամանակ է, ինչ մամուլը գրում է: Աղվան Հովսեփյանի՝ դատախազի պաշտոնից հեռանալուց հետո Երևանի նախկին դատախազը համարվում էր գլխավոր դատախազի պաշտոնի հավանական թեկնածուներից մեկը, նրան առաջ էր մղում վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այժմ, ըստ լրատվամիջոցների, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի՝ գլխավոր դատախազ նշանակվելուն աջակցում է ոչ միայն ոստիկանապետը, այլև Կոստանյանի տեղակալը»,–գրում է թերթը։
Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում