▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանությունից առաջ ընկերները միասին են եղել.«Ժողովուրդ»

Մարտի 7-ին Գյումրի քաղաքի սպանված բնակիչներ Սամվել Հակոբյանի` Մոստիկի եւ Քրիստ Վարդանյանի գործերը կքննվեն մեկ վարույթում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տղաները սպանվելուց ժամեր առաջ միասին են եղել եւ սպանվել են նույն ժամանակահատվածում, տարբեր տեղերում:

Հիշեցնենք, որ մարտի 7-ին  Երեւան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 138-րդ կմ-ի հատվածում՝ Փոքրաշեն գյուղի վարչական տարածքում՝ ձորում, հայտնաբերվել էր Քրիստ Վարդանյանի դիակը: Նախնական տվյալներով՝ նրան նախ սպանել էին, ապա՝ դրել իր մեքենայի մեջ ու գլորել ձորը: Նշել էինք, որ Քրիստը նախկինում 5 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտված եղել սպանության փորձ կատարալու համար եւ կալանավայրից դուրս էր եկել 2013 թվականին:

Այս առեղծվածային սպանության հաջորդ օրը՝ մարտի 8-ի ուշ երեկոյան, Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի ձորակում հայտնաբերվել էր Սամվել Հակոբյանի դին, որը  Գյումրիի քրեական շրջանում առավել հայտնի է Մոստիկ մականվամբ: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Մոստիկն ու Քրիստ Վարդանյանը մտերիմ ընկերներ են եղել:

Եվ այսպես՝  «Ժողովուրդ»-ին երկու ընկերների առեղծվածային սպանությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մեզ հասած տեղեկություններով՝ Սամվել Հակոբյանն ու Քրիստ Վարդանյանը մարտի 7-ին եղել են միասին: Սամվել Հակոբյանը` Մոստիկը, դեպքի օրը գնացել է Քրիստ Վարդանյանի տուն, վերջիններս նստել, երկար զրուցել են եւ ունեցել են լավ տրամադրություն: Երեկոյան՝ ժամը 20:00-ի սահմաններում, Մոստիկը հաջողություն է ասել ընկերոջը եւ գնացել է նրանց տանից: Ավելի ուշ՝ երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում, Քրիստ Վարդանյանն է տանից դուրս եկել: Վերջինիս ընտանիքի անդամները՝ տեսնելով, որ Քրիստն ուշանում է, ժամը 22:00-ի սահմաններում զանգահարել են նրան: Վերջինս, պատասխանելով հեռախոսազանգին, ասել է, թե շուտով կգա, սակայն այդպես էլ չի եկել: Ընտանիքի անդամները երկրորդ անգամ են զանգահարել Քրիստ Վարդանյանի բջջային հեռախոսին, բայց այս անգամ նա հեռախոսազանգին չի պատասխանել: Անհանգստացած հարազատները զանգահարել են Սամվել Հակոբյանին` Մոստիկին, որպեսզի հասկանան, թե արդյո՞ք նա տեղյակ է, որտեղ կարող է լինել Քրիստը: Սակայն Մոստիկի հեռախոսն էլ է անջատված եղել: Ավելի ուշ տղաներին տարբեր վայրերում գտել են սպանված վիճակում: Ի դեպ, Սամվել Հակոբյանին սպանել են բութ գործիքով, իսկ Քրիստ Վարդանյանին՝ հրազենով:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքներով Քրիստ Վարդանյանին եւ Սամվել Հակոբյանին սպանել են նույն ժամանակահատվածում: Ի դեպ, ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի՝ Քրիստ Վարդանյանի մայրիկին անգամ չեն էլ հայտնել, որ իր որդուն սպանել են: Ասել են, թե վերջինս մահացել է ավտովթարից:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար տվյալներ, որ սպանված Քրիստ Վարդանյանը եւ Սամվել Հակոբյանը ճանաչել են միմյանց եւ նրանց սպանություններից նախորդած ժամանակահատվածում գտնվել են նույն վայրում: Ուստի եւ որոշում է կայացվել նրանցից յուրաքանչյուրի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործերը միացնել մեկ վարույթում, եւ քննությունը կշարունակվի նույն գործի շրջանակներում: Հիշեցնենք, որ այս առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ի հատկանիշներով` սպանություն:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее