Վանաձոր քաղաքի բնակիչ, 1994թ. ծնված Արկադի Գալստյանը մեղադրվում է անզգուշությամբ ռազմական գույք ոչնչացնելու մեջ: Հանդիսանալով սահմանապահ զորամասի ժամկետային զինծառայող, նա 2013թ. հունիսի 29-ին՝ ժամը 20-ի սահմաններում հրանոթի խորշում խախտելով անվտանգության կանոնները, սուրճ եփելու նպատակով չոր սպիրտով եւ փայտի կտորներով կրակ է վառել, ապա դրսեւորելով հանցավոր անփութություն` քիչ անց դուրս է եկել զինամթերքի խորշից եւ գնացել կացարան՝ մոռանալով մարել կրակը: Իսկ կրակը տարածվել ու այրել է խորշում տեղադրված արկերի արկղերը: Դրա հետեւանքով պայթել եւ ոչնչացել են արկղերի մեջ պահվող, ընդհանուր 3 միլիոն 660 հազար դրամ արժողությամբ արկերը:
Ա. Գալստյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 370 հոդվածով («Ռազմական գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը»), նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մեր ունեցած տեղեկություններով` Ա. Գալստյանը սուրճ պատրաստելու ընթացքում ցանկացել է սիրած աղջկա հետ հեռախոսազրույց ունենալ, սակայն հեռախոսի մարտկոցը լիցքաթափված է եղել: Մինչ նա հեռախոսը կացարանում լիցքավորման է դրել, կրակը տարածվել է եւ արկերի պայթյուն առաջացրել: Հետագայում Ա. Գալստյանը հրաժարվել է ընդունել իր մեղքն՝ ասելով, որ կրակը կարող էր առաջանալ տարածքում հայտնված անծանոթ մեկի անզգուշության հետեւանքով: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, հերթական նիստը նշանակված է սեպտեմբերի 25-ին: