▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրը պահում են Ծառուկյանի գլխին...«Ժամանակ»

«Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը երեկ հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունների ստուգումների հարցում պետք է զգույշ լինել, քանի որ այդ ստուգումները զուտ ֆինանսական չեն, այլ պարունակում են չափագրումների, գուքագրումների հետ կապված լայն գործառույթներ:

Ինչպես հայտնի է, ստուգումների հանձնարարությունը տրվել էր դեռեւս փետրվարին՝ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթի շրջանակներում: Գագիկ Ծառուկյանի խնամին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախորդ շաբաթ հայտարարեց, որ ստուգումների վերաբերյալ տվյալներ ու հաշվետվություն կլինի մայիսի վերջին՝ երեւի մինչեւ հունիսի 5-ը: Սերժ Սարգսյանի մեկ այլ հանձնարարականի՝ Ծառուկյանի խորհրդարանական մանդատի հարցում իշխանություններն, այսպես ասած, առկախեցին ճնշումը, իսկ ձեռնարկությունների, բիզնես-գործունեության հարցում այն փաստորեն շարունակվում է:

Ակնհայտ է, որ այս ստուգումները Ծառուկյանի հանդեպ ճնշման լծակ են: Այնպես չէ, իհարկե, որ եթե իշխանությունները հայտարարեն, որ ոչինչ չկա անօրինական, անհրաժեշտության դեպքում, ասենք, մեկ ամիս հետո չեն կարող հայտնաբերել ուզած բանը: Եվ ուրեմն այստեղ խնդիրը, այսպես ասած, ռազմավարական չէ, եւ Ծառուկյանի ձեռնարկություններում ստուգումները շատ կոնկրետ իրավիճակային հանգամանքներով են պայմանավորված, այսինքն՝ հենց այսօր ինչ-որ հարց են լուծում:

Շատ հավանական է, որ խնդիրը սեփականության վերաբաշխմանն է վերաբերում, այսինքն՝ ստուգումները, այսպես ասած, ուղեկցում են Ծառուկյանի տնտեսական կայսրությունը մասնատելու գործընթացին: Բացառված չէ, սակայն, որ այստեղ մասնատումն ինքնին նպատակ չէ, այլ Ծառուկյանից պահանջվում են ինչ-որ քայլեր՝ մասնատումից խուսափելու համար:

Գագիկ Ծառուկյանը ռեսուրս է, որից այս մարտահրավերների պարագայում իշխանությունները հրաժարվել չեն կարող: Իսկ կարո՞ղ է դոնորի կարգավիճակից հրաժարվել դրանում քաղաքական մոտիվացիա չունեցող Ծառուկյանը: Կարող է՝ իհարկե, բայց երեւի այդ պատճառով էլ իշխանությունները նրա դեմ կիրառում են մտրակի եւ կարկանդակի քաղաքականություն. մի կողմից՝ տվել են բարեգործական հեռուստաքարոզչության դաշտն ու Աբովյանի ընտրությունների «մանդատը», իսկ մյուս կողմից՝ պահում են ստուգումների «դամոկլյան սուրը», մինչեւ Ծառուկյանից վերջնականապես ստանան այն, ինչ անհրաժետ է, կամ այնքան, ինչքան անհրաժեշտ է»:

 

Ուշագրավ այլ նյութեր` «Ժամանակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее