Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից տեր Հակոբ քահանա Խաչատրյանին «Արարատ» միության նախագահի պաշտոնից ազատելու արմատներն ավելի հեռուն են տանում՝ բացահայտելով նոր իրողություններ: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Թատերագիր Լեւոն Մութաֆյանը «Ժամանակի» հետ զրույցում տեղեկացրեց, որ իրականում Կճոյանը տեր Հակոբ քահանա Խաչատրյանին աշխատանքից ազատել է ոչ տեր Հակոբի եւ տեր Շահեի միջեւ տեղի ունեցած կոնֆլիկտի պատճառով: Թատերագիրը բացահայտեց, թե ինչ տեղեկություն է տրամադրել իրեն Հայ Առաքելական եկեղեցու միաբաններից մեկը:
«Թեեւ Արշակ Սրբազանը հերքել է այդ տեղեկությունը, ինձ ասել են, որ Կճոյանը ձգտում է կանխել տեր Հակոբ քահանա Խաչատրյանի եղբոր՝ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի մուտքը Հայրապետական թեմ՝ իր թիրախը դարձնելով նրա եղբորը, իսկ տեր Հակոբն էլ հաշվարկում է իր եկամուտները եւ տեսնում, որ Սբ. Երրորդություն եկեղեցու հաճախողները հիմնականում սոցիալապես անապահով խավերի ներկայացուցիչներ են, ինչն էլ նշանակում է, որ տեր Հակոբի գրպանը շատ հաճախ դատարկ է մնալու»,- ասաց Լեւոն Մութաֆյանը:
Վերջինս չբացառեց, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն է ցանկանում ազատվել Նավասարդ Կճոյանից՝ նրա փոխարեն նշանակելով Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին...
Եթե հաշվի առնենք նաեւ տեղեկություններն այն մասին, որ օֆշորային սկանդալից հետո սփյուռքահայ գործարարներն ու բարերարները կտրուկ կրճատել են նվիրատվությունները Հայ առաքելական եկեղեցուն, որը գոյատեւում է այդ գումարներով, ապա կաթողիկոսը լուրջ պատճառներ ունի Նավասարդ Կճոյանին Արշակ եպիսկոպոսով փոխարինելու: Դրանով Ամենայն հայոց կաթողիկոսը միանգամից մի քանի խնդիր կլուծի...»,- գրում է «Ժամանակը»:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում