lragir.am-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը
Պարոն Բադասյան, ԼՂՀ այս օրերին պատգամավորներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ են այցելում: Ինչպե՞ս եք գնահատում նրանց քայլը, նրանց աջակցության կարիքը կա՞, թե՞ PR ակցիա է:
Անցած պատերազմի ժամանակ՝ 90-ականներին, Հայաստանից ով գալիս էր, մենք հիանում էինք: Հետո դրանց պտուղները քաղեցինք, գիտենք, թե դրանցից քանիսը հերոսի կոչում ստացան և ազգի վրա գլխացավանք դարձան: Քսան տարի առաջ էլ կային նկարվողներ, կողքից օգտվողներ, սուտի կռվողներ, այսպես կոչված օգնություն բերողներ, այդ օգնությունը մսխողներ, փախցնողներ և այլն: Այս բոլոր վտանգները այսօր էլ ունենք: Հիմա հուզիչ և ուրախալի պահ է, և շատ վատ օրերին, ազգի օրհասական օրերին, կենաց մահու պայքարի ժամանակ մարդիկ եկան Արցախ: Բայց ես, օրինակ, բառիս բուն իմաստով զզվանք եմ ապրում, երբ շոու-բիզնեսի աստղերը գալիս և ցուցադրաբար նկարվում են, նրանք կարծես թքում են այդ մարդկանց վրա, ովքեր չեն նկարվել, բայց առաջին գծում են, ովքեր սոված են առաջին գծում, քանի որ այնտեղ ցերեկը հաց հասցնել հնարավոր չէ, գիշերը պետք է հասցնել:
Բացի այդ, ես կոչ եմ անում իշխանություններին, որպես նախկին հրամանատար, որպես պատերազմի բովով անցած մարդ, որպես նախկին պատգամավոր, որպես պարզապես մտահոգ քաղաքացի՝ սթափվել, որ Լիսկայի՝ Ղարաբաղում երևալը ոչ թե լինի մանդատ՝ հետագայում նորից չարագործություններ գործելու, այլ հայ ժողովրդի առջև մեղա գա և վերջ դնի չարակամություններին, որ գեներալ Մանվելը ոչ թե նկարահանվելու համար գա Ղարաբաղ, այլ գործ անելու համար, ինչպես անցած անգամ է նկարվել և հաղթանակի ութսուն տոկոսն իր վրա վերցրել: Սա ձևական է, և չի կարելի, մենք ամեն ինչ պետք է դնենք իր տեղը: Իշխանություններին ուզում եմ դաս լինի, որ ժողովուրդը մի կողմ դնելով ամեն տեսակ անարդարություն, ազգի փրկության համար վեր է կացել եկել, նախագահից մինչև նախարար և այլ պաշտոնյաներ պետք է մտահոգվեն բանակով: Եթե ասում են, որ մենք կռվել են ութսունականների զենքերով, թող ականջներին օղ անեն, որ իրենց մեքենաները չլինեն 2015-2016 թթ., թող ութսունականների մեքենաներ լինեն, բայց մեր սպառազինությունը լինի ժամանակակից, որ ահա սա է մեր ազգային անվտանգությունը: Եվ եթե ես չխոսեմ, ուրիշ ոչ մեկը չի խոսի: Պետք չէ գեներալ մանվելները, շուշանպետրոսյանները նկարվեն Արցախում, պետք է ռեալ օգնություն և ռեալ աշխատանք: Մեր ազգը չի կարող և պատերազմը տանել, և իշխանությունն ուզուրպացրած ընկերներին պահել:
Լիսկան Արցախում կանգնել-նկարվելու փոխարեն, պետք է գա և Հորադիզում իր փախուստի դիմելու պատճառով կորցրած դիրքերը փորձի հետ վերցնել, այլ ոչ թե նկարվի և նոր մանդատ ստանա՝ հետագայում նորանոր չարագործություններ կատարելու համար: Այս ամենը Սերժ Սարգսյանը պետք է գնահատի, եթե ուզում է նախագահ մնալ: Տեսնո՞ւմ եք, ժողովուրդը առաջ է անցել իր իշխանությունից, փոխանակ իշխանությունը զինվորական կոմիսարիատում ինչպես կարգն է, մարդկանց բերի պատերազմի դաշտ, կամավոր եկան մարդիկ, էլ ի՞նչ եք ուզում այս ժողովրդից: Եվ եթե չլինի այս ժողովրդին համարժեք ղեկավարում Սերժ Սարգսյանի կողմից, նա սուսուփուս պետք է հեռանա: Այսօր նախագահը., պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ձեռք պետք է մեկնեն: Ես դեռ ամենը չեմ ասում՝ ելնելով իրադրությունից, բայց այս ամենը բավական է, որ իմանան՝ ավելի շատ բան կարող եմ ասել: Պետք է անձամբ Սեյրան Օհանյանը ձեռք մեկնի, որովհետև եթե Աստված մի արասցե պատերազմ լինի, պետք է նաև մեր աջակցությամբ նա կանխի դա: Ուրեմն պետք է ձեռք մեկնի և լսի մեր առաջարկությունները: Իսկ մեր առաջարկություններն այնքան շատ են և այնքան օգտակար, որ եթե դրանք չլինեն այս օրերին, ուրեմն մենք պետք է կորած լինեինք: Սա թող բաց նամակի նման հայտարարությունն լինի, բայց ամեն մեկն իր տեղը պետք է ունենա: Հասարակությունն այս օրերին առողջացել է, և ես չեմ ուզում, որ ձրիակերները և կեղծ գեներալները, կեղծ հերոսները մտնեն ասպարեզ և նորից մանդատ վերցնեն իրենց չարագործությունների համար: Դուք այս օրերին առաջնագծում էիք, իսկապե՞ս մեր զինտեխնիկան այդքան հին է:
Այո, զենքի առումով հետ ենք, որովհետև փող չունենք, բայց կան բաներ, որտեղ փող պետք չէ, խելք է պետք ընդամենը: Աշխարհում այսօր ամենաշատը փողն է, մնացած բաներն են քիչ: Եվ եթե իրենք չգիտեն՝ որտեղից փող վերցնել, ինձ թող հարցնեն, կասեմ՝ որտեղից վերցնեն փող, ես շատ-շատ փողի տեղ գիտեմ, այնպես որ, փողը խնդիր չէ, խնդիրը ցանկությունն է:
Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Երևանը հավանություն է տալիս ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Դուք ունե՞ք մտահոգություններ:
Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը կլինի մեր իշխանությունների վերջին դավաճանությունը: Մենք խաղաղապահ զորքեր ունենք, դա մեր հարազատ բանակն է, և մենք պետք է տեր կանգնենք մեր հարազատ բանակին, հզորացնենք, պահենք-պաշտպանենք, զինենք, այլ ոչ թե նստած Բագրևանդի հինգում՝ բանակը լափեն, մենք անուն առ անուն բոլոր լափողներին գիտենք:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում