Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում է երգչուհի Սոֆի Մխեյանը:
- Ո՞ րն է եղել Սոֆի Մխեյանի մանկության տարիների երազած մասնագիտությունը:
-Երբ արդեն բավական մեծ տարիքում էի, անչափ ցանկանում էի հոգեբան դառնալ, բայց այդ ժամանակ հաճախում էի երաժշտական ուսումնարան, և թերևս երաժշտական կրթություն ստանալն էլ ճանապարհս «շեղեց» դեպի երգարվեստ և ընտրեցի երգչուհու մասնագիտությունը, որին ես ամենևին էլ դեմ չեմ, բայց կցանկանայի նաև հոգեբանի մասնագիտություն ունենալ:
-Ամենամեծ խենթությունը, որ արել եք կյանքում:
-Եթե հաշվի առնենք, որ բարձրությունից թռչելը, սողունների միջով անցնելը, փոքրիկ ինքնաթիռով պտույտներ կատարելը և այլ նմանօրինակ բաները խենթություններ են, ապա իմ կյանքում դրանք անպակաս են եղել:
-Երբևէ զղջացե՞լ եք Ձեր արած քայլերի համար:
-Չէ, երբեք: Ես փորձում եմ քայլել առաջ, նայել առաջ և շարժվել առաջ, երբեք չեմ ցանկանում փոշմանել այն ամենի համար, ինչ արել եմ, այլ փորձում եմ ի կատար ածել այն ամենը, ինչը, ըստ իս, ճիշտ է և հնարավոր:
-Իսկ կարողանո՞ւմ եք հասնել ցանկալի արդյունքի:
- Փառք Աստծո, դեռ բողոքներ չկան. կամաց-կամաց իրականանում են բոլոր երազանքներս. պարզապես պետք է նպատակասլաց լինել:
-Աշխատասիրություն թե ընդունակություն. ո՞րն է Ձեզ համար առավել կարևոր:
-Ընդունակ լինելը շատ կարևոր է, բայց եթե աշխատասեր չես, ապա բավարար արդյունքի հասնելը անհնար է դառնում:
-Ո՞րն է Սոֆի Մխեյանի հաջողության հասնելու բանալին:
-Անչափ մեծ սերը իր աշխատանքի և, առհասարակ, այն ամենի նկատմամբ, ինչը նա անում է: Իմ յուրաքանչյուր արարքի մեջ ներդրած է սեր, ցանկություն ու աշխատասիրություն: Թերևս` սա է իմ հաջողության բանալին:
-Դիմացինի մեջ, ո՞ ր հատկանիշներն են Ձեզ համար առաջնային և ո՞ ր հատկանիշները չեք ընդունում:
-Առաջնային են` նվիրվածությունը, դրական վերաբերմունքը դիմացինի նկատմամբ ու անկեղծությունը: Չեմ ընդունում` կեղծավորությունը և դավաճանությունը:
- Կա՞ ինչ-որ նյութական արժեք, որը չունեք, բայց կցանկանայիք ունենալ:
-Ես նյութապաշտ չեմ, բայց, իհարկե, կան բաներ, որոնք չունեմ և կցանկանայի ունենալ, ինչի համար հնարավորինս փորձում եմ աշխատել ու ձգտել դրան: Իսկ այս կյանքում ամեն ինչ հնարավոր է, եթե կա ձգտումը և ցանկությունը:
- Ձեր բնավորության ո՞ ր գիծը կնվիրեիք Ձեր թշնամուն, այսինքն` բնավորության ո՞ր գծից կցանկանայիք հրաժարվել:
- Ես կարծում եմ, որ թշնամի չունեմ, իսկ եթե ունենայի բնավորությանս ոչ մի գիծն էլ չէի ցանկանա նվիրել: Չնայած կհրաժարվեի շատ քնելուց, ինչը ժամեր է խլում և լավ կլիներ, որ այդ ժամանակը առավել օգտակար ձևով ծախսվեր:
- Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ ամենից շատ զայրացրել և ո՞րը` զվարճացրել:
- Այս պահին չեմ կարողանում մտաբերել որևէ մեկը: Բայց եթե ժամանակին իմ մասին ասեկոսեները քննարկում էի, ապա այսօր դրանց սովորական եմ վերաբերվում: Հայտնի լինելը, և, այսպես ասած, քեզանից ինչ-որ բան ներկայացնելը, նշանակում է, որ ասեկոսեները պետք է անպակաս լինեն քո կյանքից: Անմիտ, երբեմն էլ` խելքի մոտ ասեկոսեներին, իսկապես, լուրջ չեմ վերաբերվում, չեմ ուռճացնում ու չեմ դարձնում քննարկման առարկա:
Իրականում այդ ասեկոսեները շատ-շատ են, որոնք ավելի շատ զվարճացնում են, քան` տխրեցնում:
- Գիրք կամ ֆիլմ, որը հեղափոխել է Ձեր մտքերը:
-Յուրաքանչյուր ֆիլիմ կամ գիրք հեղափոխել է մտքերս դիտելուց կամ ընթերցելուց անմիջապես հետո, իսկ հետագայում` ոչ: Պարզապես փորձում եմ բոլոր գրքերից ու ֆիլմերից քաղել այն կարևորը, որը, ըստ իս, որ ճիշտ է և պիտանի, քանի որ կան ֆիլմեր կամ գրքեր, որոնք հեղափոխում են քեզ բացասական առումով:
-Ի՞նչը կարող է ամենաշատը նյարդայնացնել Ձեզ, ի՞նչը` ուրախացնել:
-Այսօր քիչ բաներ են ինձ նյարդայնացնում: Քանի որ իմ ասպարեզում նյարդայնացնող երևույթները շատ են` սկսած մարդկանց հետ շփումներից մինչև հարաբերություններ, ես դրանց թեթև եմ վերաբերվում. փորձում եմ նյարդերս անջատած ապրել, քանի որ դրանք հետագայում չեմ կարողանանա վերադարձնել:
Իսկ կարող է ուրախացնել յուրաքանչյուր բան` սկսած ժպիտից միչև լավ խոսքեր. ինձ շրջապատող գեղեցիկը:
-Ի՞նչ գին ունի ընկերությունը Ձեզ համար:
-Կարծում եմ, որ ընկերությունը գին չունի. այն անգին է: Ուղղակի ընկերությունը պետք է փայփայել, քանի որ այն շատ թանկ է: Դու պետք է ուրախ ու հպարտ լինես, որ կարողանում ես <<զգալ>> <<ընկերություն>> երևույթը:
Հեղինակ` Անի Բեքիրյան