«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության «Ծիածան» երգչախմբի տարեցներն առաջին անգամ չէ, որ բեմ էին բարձրանում:
Երեկ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի այցելուները եկել էին ունկնդրելու հենց նրանց կատարումները:
«Ծիածանը» հիմնադրվել է տարիներ առաջ՝ նպատակ ունենալով «Օրրան» այցելող տարեցների առօրյան դարձնել ավելի հետաքրքիր։
Մեծահասակները պատրաստել էին հայտնի ժողովրդական երգեր, ելույթից հետո ոգեւոված էին հանդիսականների դրական խոսքերից։
Նրանց միացան նաեւ «Օրրան»-ի փոքրիկները՝ կատարելով «Հայաստան, իմ չքնաղ», «Մամա», «Երեւանի սիրուն աղջիկ» եւ այլ երգեր։
«Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի խոսքով, երգչախումբ հիմնելու գաղափարը վաղուց կար՝ դեռ 4 տարի առաջ, սկզբում դժվարություններ ունեցան, քանի որ տատիկ-պապիկները հրաժարվում էին հաճախել երգչախումբ՝ ամաչում էին: Իսկ հիմա շատ բան է փոխվել, սիրով են գալիս, ոգևորված են շատ:
Ելույթ ունեցան նաև «Օրրանի» Վանաձորի մասնաճյուղի դհոլահար փոքրիկները, որոնց մեջ, ի դեպ, կային նաև աղջիկներ:
«Օրրան» բարեգործական ՀԿ-ն սննդի, կրթական, սոցիալական, հոգեբանական ծառայություններ է մատուցում շուրջ 250 կարիքավոր երեխայի եւ 100 տարեցի։ Շաբաթական 5 օր առավոտյան նրանք այցելում են «Օրրան»-ի վանաձորյան եւ երեւանյան կենտրոններ, որտեղ սնվում են եւ օգտվում տարատեսակ ծառայություններից: