▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհավոր Ամանոր, մայրեր. Ալեն Դելոնի մասնակցությամբ լիրիկական կոմեդիայի պրեմիերան` Երևանում

Enjoy movies  և AP cinema  կինոընկերությունների համատեղ արտադրությամբ "Շնորհավոր Ամանոր, մայրեր" լիրիկական կոմեդիայի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 18-ին, Երևանի Մոսկվա կինոթատրոնում:

 Ֆիլմը բաղկացած է հինգ նովելից, որոնցից յուրաքանչյուրը նկարահանել է առանձին ռեժիսոր` Արտեմ Ակսենենկո, Սարիկ Անդրեասյան, Անտոն Բորմատով, Դմիտրի Գրաչև, Կլիմ Պոպլավսկի:

Կինոնկարի պրոդյուսերներն են`Գեորգի Մալկով, Սարիկ Անդրեասյան, Ղևոնդ Անդրեասյան, Վալերի Սահարյան, Վլադիմիր Պոլյակով:

"Շնորհավոր Ամանոր, մայրեր"  կինոալմանախը հանդիսատեսի մեծ համակրանքը վայելած "Մայրեր" ֆիլմի շարունակությունն է: Ֆիլմը նկարահանվել է Ռուսաստանում  և Ֆրանսիայում: 

"Շնորհավոր Ամանոր, մայրեր" կինոալմանախում կտեսնեք նոր պատմություններ և նոր հերոսների նոր արկածներ` միավորված մեկ զգացմունքով` սեր մայրերի հանդեպ: Ալմանախում ներկայացված է 5 նովել` հումորային և հուզական, լիրիկական և կոմիկական: Յուրաքանչյուր նովել պատմում է մոր և երեխայի` երկու ամենահարազատ մարդկանց սիրո մասին:

Ռեժիսոր Արտեմ Ակսենենկոյի նկարահանած "Մայրերի պատերազմ" նովելում ներկայացվում է հետևյալ պատմությունը. Լենան և Մաշան լավագույն ընկերուհիներ էին մինչ այն պահը, քանի դեռ նրանցից մեկը չէր հաղթել "Мисс Снежинка" մրցույթում: Անցնում են երկար տարիներ և ահա նախկին ընկերուհիների աղջիկները պետք  է մասնակցեն նմանատիպ մրցույթի…

Նովելում նկարահանվել են` Եկատերինա Վիլկովան, Սվետլանա Իվանովան, Մակսիմ Վիտորգանը, Կոնստանտին Կրյուկովը և այլք:

Ռեժիսոր Դմիտրի Գրաչևի նկարահանած "Թավջութակահարը" նովելում ներկայացվում է մի պատմություն, երբ մայրը որոշում է ուրախացնել որդուն` Մոսկվա մեկնելու տոմս է գնում, որպեսզի ներկա գտնվի որդու երկար սպասված համերգին, որտեղ նա կատարելու էր թավջութակի համար գրված ստեղծագործությունը : Մայրը չէր էլ պատկերացնում, թե իրեն ինչ է սպասում…

Նովելում նկարահանվել են` Տատյանա Վասիլևան, Վիկտոր Վասիլևան, Գարիկ Խառլամովը, Ագնիյա Դիտկովսկիտեն և այլք:

Ռեժիսոր Կլիմ Պոպլավսկու նկարահանած "Սողոմոնի որոշում" նովելում Վիկտորիան հաջողակ բիզնես լեդի է, որը ֆիրմայում բարձր պաշտոն է զբաղեցնում: Աշխատանքը և կարիերան խլում են նրա ամբողջ ազատ ժամանակը: Վիկտորիայի 7-ամյա աղջիկը` Սոնյան, հազվադեպ էր տեսնում մորը և ամբողջ ազատ ժամանակն անցկացնում էր դայակի` Գալինայի հետ: Ամանորի նախաշեմին Սոնյան նամակ է գրում. "Սիրելի Ձմեռ պապ, այնպես արա, որպեսզի դայակ Գալյան դառնա իմ մայրը և մենք միմյանցից երբեք չբաժանվեինք": Դայակը նամակը հանձնում է Վիկտորիային, որն էլ կարդալով…

Նովելում նկարահանվել են` Եկատերինա Կլիմովան, Օլգա Սուտուլովան, Քսենիա Պոպովիչը, Ալեքսեյ Գրիշինը և այլք:

Ռեժիսոր Անտոն Բոռմատովի նկարահանած "Երջանիկ թվեր" նովելում Քսենիան և Ժենյան սիրող զույգ են: Նրանք մի քանի տարի է, ինչ ամուսիններ են, սակայն բացարձակ երջանիկ կլինեին, եթե կարողանային նաև երեխա ունենալ: Ամուսնության  յոթերորդ տարեդարձի կապակցությամբ  Քսենիան ամուսնուն նվիրում է սիմ քարտ` Եվգենիայի սիրած 7 թվերով: Երբ նա քարտը դնում է հեռախոսի մեջ, հնչում է զանգ, որն էլ դառնում է այդ զույգի համար ճակատագրական…

Նովելում նկարահանվել են` Ելիզավետա Բոյարսկայան, Մակսիմ Մատվեևը և այլք:

 

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի  նկարահանած "Փարիզ" նովելում Վեռա Եվգենևան երկար տարիներ է, ինչ գավառական դպրոցում աշխատում է ֆրանսերեն լեզվի ուսուցչուհի: Եվգենևայի ամենանվիրական երազանքն էր լինել Փարիզում, որն աշխարհին նվիրել էր ռոմանտիկա և Ալեն Դելոն: Մի գեղեցիկ առավոտ նա անակնկալի է գալիս` սառնարանում գտնելով որդու կողմից թաքցրած ինքնաթիռի երկու տոմս: Ոգևորված զանգահարում է որդուն և լսում. "Մայրիկ, ոչինչ մի հարցրու, միայն հավաքիր իրերը, մենք թռչում ենք Փարիզ":

Նովելում նկարահանվել են` Ալեն Դելոնը, Իրինա Ռոզանովան, Պավել Վոլյան:

 

"Շնորհավոր Ամանոր, մայրեր" ֆիլմի բյուջեն կազմում է 6 միլիոն դոլար (ներառյալ գովազդային-մարքեթինգային ծախսերը), իսկ արտադրության վրա ծախսվել է 2 միլիոն դոլար:

Հայաստանյան պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 18-ին "Մոսկվա" կինոթատրոնում, իսկ Մոսկվայում ֆիլմի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 19-ին:

 

Ֆիլմը էկրան կբարձրանա դեկտեմբերի 27-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее