Այս տարի Հայաստանը կմասնակցի Եվրատեսիլին. Շվեդիայում կայանալիք երգի մրցույթում Հայաստանը ներկայացնողի անունը դեռևս հայտնի չէ, մինչդեռ արդեն տարբեր երգիչներ հայտարարում են, որ պատրաստ են մասնակցել դրան:
Երեկ Հայաստանի մասնակցության մասին հոդված է հրապարակվել Եվրատեսիլ երգի մրցույթի պաշտոնական կայքէջում: ''Հայաստանը նորից Սիրուշո՞ն կներկայացնի'' վերնագրով հոդվածում հեղինակը գրում է, որ թեև Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը դեռևս վերջնական որոշում չի կայացրել, բայց երկրի ներսում շատ է խոսվում, որ հենց Սիրուշոն է Եվրատեսիլում ներկայացնելու կովկասյան այս փոքրիկ երկիրը:
Երգչուհի Սիրուշոն Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ հոդվածի մասին տեղյակ է, նրա խոսքով առաջին անգամը չէ, որ խոսվում է իր՝ Եվրատեսիլ վերադառնալու մասին:
Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող մասնակիցներից մինչև այժմ ամենաբարձր դիրք հենց Սիրուշոն է զբաղեցրել։ Իր ''Քելե-քելե'' երգով նա 2008 թվականին գրավեց 4-րդ հորիզոնականը:
Եվրատեսիլի պաշտոնական կայքէջում հրապարակված հոդվածում անդրադարձ կա նաև Սիրուշոյի վերջին ՊռեԳոմեշ երգին, հեղինակը գրում է, որ այն կարճ ժամանակահատվածում հայտնի և սիրված հիթ է դարձել: Միայն առաջին օրը YouTube-ում ՊռեԳոմեշ երգի տեսահոլովակը 125 հազար դիտում ունեցավ, իսկ 3 շաբաթում այդ թիվը հասավ 560 հազարի: Հոդվածի հեղինակը գրում է, որ հնարավոր է հենց ՊռեԳոմեշն է Քելե-Քելե-ի շարունակությունը։ Երգչուհի Սիրուշոն ասաց, որ ՊռեԳոմեշը Եվրատեսիլի հետ կապ չունի: Երգչուհին նշել է, որ հետևել է երկրպագուների արձագանքին հատկապես վերջին երկու օրերի ընթացքում, դա նրան մասնակցության մասին մտածելու առիթ է տվել:
''Թեև մասնակցության մասին որոշում այս պահին չկա, բայց երկրպագուների խոսքերը ստիպում են մտածել այդ մասին: Ամեն դեպքում երբեք չեմ մտածել Եվրատեսիլ վերադառնալու մասին'',- նշել է Սիրուշոն։
Եվրատեսիլի պաշտոնական կայքէջում հրապարակված հոդվածում հեղինակը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ նախորդ տարի երգչուհին հաստատել էր, որ հետաքրքրված է մրցույթին մասնակցությամբ, մինչդեռ Հայաստանը նախորդ տարի Եվրատեսիլին ընդհանրապես չմասնակցեց:
Նախորդ տարի բացի Սիրուշոյից Եվրատեսիլին մասնակցելու մասին խոսեցին նաև Դորիանս ռոք խմբի անդամները, նրանք անգամ մրցույթին մասնակցելու համար երգ ներկայացրեցին, ինչ վերաբերում է այս տարի խմբի Եվրատեսիլին մասնակցելուն, Դորիանսի մենակատար Գոռ Սուջյանը ասաց, որ դեռևս նման որոշում չեն կայացրել:
Աղբյուրն` Ազատություն ռադիոկայան