Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանը երեկ ՀՀ սփյուռքի նախարարությունում 100 հազար դոլարի օգնության հավաստագիր է հանձնել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ դա նշանակում է, որ ՀՀ-ում գտնվող, հազար սիրիահայ ընտանիքներ կստանան 20 հազարական դրամ պարունակող քարտեր, որոնցով կարող են առևտուր անել:
Խնդիրն այն է, որ այդ քարտերով կարելի է առևտուր անել բացառապես Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետներից: Ըստ դեսպանի, խանութների ցանցն ընտրել է նախապես Քուվեյթից Երևան եկած պատվիրակությունը: Հենց նույն «սիթիներից» առևտուր անելու քարտեր ևս 500 սիրիահայի բաժանել է նաև Հայ Առաքելական եկեղեցուն կից «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կլոր սեղան» կազմակերպությունը:
«Եթե որևէ մեկն ունի տրամաբանական բացատրություն, թե ինչու ուղղակի գումարը չեն տալիս, որ իրենք ընտրեն՝ ինչպես ծախսել, այլ պարտադրում են այդ գումարը թողնել հենց «Երևան սիթիում», հաճույքով կլսենք այդ բացատրություն»,- հավելում է «ՀԺ»-ն: