▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրիահայ Վանիկ Կարապետյանի խոսքերը հուզել են Կանադայի վարչապետին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն չի կարողացել զսպել արցունքները, երբ կլոր սեղանի շուրջ կազմակերպված քննարկման ժամանակ սիրիահայ Վանիկ Կարապետյանը վերհիշել է այն պահը, թե ինչպես 2015 թվականի դեկտեմբերին վարչապետն առաջինն օդանավակայանում սեղմեց իր ձեռքն ու ողջունեց Կանադայում: Ինչպես հաղորդում է  cbc.ca կայքը, Տորոնտոյի ռեստորանում կազմակերպված քննարկմանը Թրյուդոն, Վանիկ Կարապետյանն ու մյուսները քննարկել են սիրիացի փախստականների ընդունման ծրագրի առաջին տարին:

«Երբ մեր ինքնաթիռը վայրէջք կատարեց օդանավակայանում, առաջին մարդը, ով սեղմեց մեր ձեռքը վարչապետն էր»,- նշել է Կարապետյանը, ինչից հետո Թրյուդոն վերցրել է սեղանին դրված անձեռոցիկն ու մաքրել աչքերը:

Կարապետյանն ընդգծել է, որ Տորոնտոյում վայրէջք կատարելը ոչ միայն նշանակում էր, որ ինքը, կինն ու աղջիկներն ապահով են, այլև այն, որ նրանք ստանձնել են «պատասխանատվություն միանալու կանադական ընտանիքին և փորձելու կառուցել այս Կանադան, այդ երկիրը, այս մեծ ժողովուրդը»: «Երբ ես այդ պահին հանդիպեցի պարոն վարչապետին, նա երկու բառ ասաց. «Բարի գալուստ տուն»: Պատկերացրեք դուք ապրում եք մի պատերազմական գոտում, այնուհետև լքում եք ձեր տունը և ձեզ դիմավորում են երկու խոսքով` բարի գալուստ տուն: Այդ պահին հիշողություններս ինձ տարան հետ` ն ախապատերազմական Սիրիա, մեր կյանքը, մեր երջանկությունն այնտեղ, ապա նաև այն սարսափելի պահերը, որոնց միջով անցանք պատերազմի ժամանակ: Եվ ես զգացի, որ հպարտ եմ այստեղ լինելու համար»,- նշել է սիրիահայը:

Իր հերթին Թրյուդոն խոսել է շուրջ 25 հազար սիրիացի փախստականների` Կանադայում ընդունելու ծրագրի կարևորության մասին: «Տեսնելով, թե ինչպես եք դուք և ձեր աղջիկներն անցնում օդանավակայանով` ես հասկացա մի շարք բաներ, որոնք կարող է անի մեր երկիրը, և որ ես պետք է օգնեմ երկրին, որպեսզի նա այդ ամենն անի»,- նշել է վարչապետը:

Նյութի աղբյուրը` 168.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее