nrnak.com-ը գրում է, որ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի կողմից մշակված նորամուծություններն առաջին հայացքից պետք է նոր շունչ տային իրականացվող միջոցառումների կազմակերպմանը՝ դրական ազդեցություն թողնելով անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին, բայց, ցավոք սրտի, զինված ուժերի ոլորտում՝ իր տարբեր ենթաճյուղերով հանդերձ, տիրեց լճացման մի նոր ալիք:
Զինվորական հոսպիտալները միշտ էլ զինծառայողների համար եղել են վերջին հույս՝ բանակի անարդարություններից պատսպարվելու և խույս տալու համար: Վերջին շրջանում պաշտպանության նախարարության և ռազմական ոստիկանության աշխատակիցները հատուկ ուշադրության են «արժանացնում» հոսպիտալներում իրականացվող այսպես կոչված «մաղարիչներին», որի արդյունքում էլ պատասխանատվության ենթարկվեցին և աշխատանքից հեռացվեցին «Մուրացան» հոսպիտալի նյարդավիրաբուժական բաժանմունքի երկու բժիշկներ:
Ներկա պահին այս բաժանմունքում մնացել է մեկ մասնագետ՝ երիտասարդ ու անփորձ բժիշկ-օրդինատորը, որի համար չափազանց բարդ է կատարել վտանգավոր վիրահատություններ: Մի խոսքով,կարելի է ասել, որ նյարդավիրաբուժական բաժանմունքը լուծարման եզրին է կանգնած, և ելնելով այս իրադրությունից՝ կարելի է կանխատեսել, որ այն զինծառայողները, որոնք մարտական հենակետերում կվիրավորվեն, ապա նրանց կյանքը փաստորեն խիստ վտանգված կլինի բաժանմունքում լավագույն մասնագետներ չլինելու պատճառով:
Երկու մասնագետներին աշխատանքից ազատելու և ձերբակալելու մեջ «մեծ ներդրում» ունի ՀՀ ՊՆ ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Հարությունյանը:
Սեյրան Օհանյանի որդեգրած նոր քաղաքականության հիմքում ընկած է ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարը, այլ «կոռուպցիայի հայր» մենաշնորհ ձեռք բերելը, որի վառ ապացույցն իր բուծած կադրերն են՝ ռազմական ոստիկանության պետի տեղակալ Արմեն Հարությունյանը և իր թիկնազորի պետ Սերգեյը: