«Որևէ մեկ հակասություն չի կարող լինել այն գերատեսչությունում, որտեղ կա հրամանատարական ուղղահայաց ղեկավարում. Զինված ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀՀ նախագահը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, անմիջական ղեկավարումն իրականացնում է պաշտպանության նախարարը, և զորքերի կառավարումն իրականացնում է գլխավոր շտաբի պետը»: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով իր և ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի միջև հակասությունների մասին լուրերը:
«Այդ շահարկումները մեկընդմերթ սկսվում են այն դեպքերում, երբ որևէ արտակարգ պատահարներ են տեղի ունենում: Իհարկե, ցանկացած պատահար մեզ համար անընդունելի է, ցավալի է: Բայց ես գտնում եմ, որ նման դեպքերի նվազումը, կարգապահության ամրապնդումը և այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները չեն խոսում նրա մասին, որ կարող են, ասենք, Զինված ուժերի ղեկավարություն պաշտոններից ազատվել: Բոլոր այն մարդիկ, ովքեր անմիջական պատասխանատվություն են կրում և նրանց թողտվության, պաշտոնական պարտականությունների կատարման թերանալու մեջ նրանք իրենց տույժը ստանում են, իսկ որոնք ընդգրկված են, մասնակից են հանցագործությունների, նաև ստանում են իրենց պատիժը»,- հավելել է պաշտպանության նախարարը:
Հարցին, թե ինչո՞ւ է, այնուամենայնիվ, հատկապես Յ. Խաչատուրովի անունը շոշափվում նման միջադեպերից հետո, Սեյրան Օհանյանը պատասխանել է. «Ես չգիտեմ, ես ժամանակ չեմ ունենում օրվա ընթացքում ինչ-որ անուններ շոշափելու, որովհետև իմ աշխատանքն այնքան լարված է, և նույն գլխավոր շտաբի պետի աշխատանքն այնքան լարված է ու հագեցած օրվա միջոցառումներով, որ ես ժամանակ չեմ ունենում դրա մասին մտածել»:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում` հատկապես զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանությունից տեղեկություններ տարածվեցին, որ Յուրի Խաչատուրովը շուտով պաշտոնանկ է արվելու: