«Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է այն թեման, որ ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ»-ի հերթական նորամուծությունը խախտում է նաև բարոյականության սահմանները։ Այն առումով, որ սուպերմարկետը երեխաներին առաջարկում է SEX անունով ինչ-որ խաղալիք, որն ազատորեն տեղ է գտել խանութի խաղալիքների բաժնում։
Ճիշտ է, երեկ լուրեր կային, թե տեսնելով հասունացող սկանդալը՝ այդ խաղալիքն այլ բաժին են տարել, բայց դրանից բան չի փոխվում, քանի որ այն հազիվ թե մեծահասակներին հետաքրքրի։
Թե ինչպես և ինչու է «SEX» խաղալիքը հայտնվել «ՍԱՍ»-ում, փորձեցինք պարզել ընկերության գլխավոր գրասենյակից։ Սամվել անունով ներկայացած աշխատակիցը բավականին վրդովված տվեց հետևյալ պարզաբանումը. «Քանի որ այս լուրերը հասան ինձ, պատասխանում եմ– դա սուտ է։ Գոյություն ունի խաղալիքների բաժին, որից հետո «պիկնիկ» բաժինն է, այ դրանից հետո «ինտիմ» բաժինն է, որտեղ, կներեք, շատ բան կարող է վաճառվել։ Մեր խանութի ցուցադրությունը ակնհայտ ու պարզ է։ Կարող եք գնալ և տեսնել։ Ես, երբ այդ մասին լսեցի, ինքս մտել եմ 2 խանութ և հանձնարարել եմ, որ ստուգեն և ինձ ասեն, հավատացնում եմ՝ նման բան չկա»։
Ուրեմն, եթե հավատանք Սամվելին, ապա նշանակում է, որ ներկայացված լուսանկարը կե՞ղծ է։ Նկատենք, որ լուսանկարում ամենևին էլ «ինտիմ» բաժին չի պատկերված, իհարկե, եթե ընկերությունների ցանցից չպնդեն, որ երևացող փուչիկները, թիթեռնիկներն ու մյուս մանր-մունր խաղալիքները ևս «ինտիմ» նշանակության ապրանքներ են»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Իրավունք» թերթի այսօրվա համարում