«Ժամանակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Արծրուն Դիլբարյանի գործի դատական քննությունը:
22-ամյա Արծրունը պայմանագրային զինծառայող է եղել, դասակի հրամանատարի տեղակալ, կոչումով՝ ավագ սերժանտ: Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի օգոստոսի 29-ին, ժամը 14-ն անց 30-ի սահմաններում մարտական դիրքում որպես դիտորդ նշանակված Մկրտիչ Ս.-ն դիտորդի պարտականությունները առանց համապատասխան հանդերձանքի է իրականացրել, ինչի կապակցությամբ Արծրուն Դիլբարյանը վիճաբանել է Մկրտիչի հետ: Վերջինս ծառայակիցների ներկայությամբ Արծրունին հարվածել է, ինչի համար վրեժ լուծելու շարժառիթով նույն օրը, ժամը 17-ի սահմաններում Արծրունը, Մկրտիչին տեսնելով գետնատնակին հարակից ճանապարհին, անմիջապես մոտեցել է նրան ու, ըստ առաջադրված մեղադրանքի, կյանքից զրկելու դիտավորությամբ գրպանից հանել է արդեն բաց վիճակում գտնվող ծալովի դանակը ու դրանով հարվածել է Մկրտիչի կրծքավանդակի ձախ կեսին՝ նրան պատճառելով միջկողային ծակած-կտրած թափանցող վերք՝ սրտամկանի վնասումով:
Նախաքննական մարմնի գնահատմամբ՝ Դիլբարյանը տուժողին չի սպանել իր կամքից անկախ հանգամանքների բերումով՝ ծառայակիցներն անմիջապես միջամտել են, ու հաջողվել է փրկել ծանր վնասվածք ստացած Մկրտիչի կյանքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում