«Իշխանությունում ոչ մեկը չգիտի, թե ինչպես է դասավորվելու սահմանադրական բարեփոխումների ճակատագիրը, ինչ է ասելու Սերժ Սարգսյանը փետրվար-մարտ ամիսներին խորհրդարանական կառավարման առնչությամբ: Կարծիքները կիսվում են. ոմանք գտնում են, որ Սարգսյանին արդեն իսկ հաջողվել է համոզել Ռուսաստանին, ոմանք էլ գտնում են, որ Ռուսաստանին սա ամենեւին էլ ձեռնտու չէ, որովհետեւ դոմինոյի էֆեկտով հնարավոր է այն տարածվի Ռուսաստանի վրա, իսկ Պուտինը դեռ «մի սռոկ» ունի ընտրվելու: «Կա նաեւ Գագիկ Ծառուկյանի հետ խորհրդարանական կառավարման շուրջ պայմանավորվելու խնդիրը. եթե պայմանավորվեցինք, լավ, եթե ոչ՝ Ծառուկյանն ստիպված կլինի երգով նահանջ հայտարարել, քանզի այդ դեպքում կհայտնվի խոշորացույցի տակ»: Իսկ հնարավո՞ր է, որ խորհրդարանական կառավարում ընդհանրապես չլինի: «Հնարավոր է»: Այդ դեպքո՞ւմ: «1-2 կոսմետիկ փոփոխությամբ ամեն բան կընկնի տեղը»: Ի՞նչ փոփոխություններ: «Կմեծացվեն ԱԺ լիազորությունները, ԱԺ-ն ձեռք կբերի վետոյի իրավունք. կվերանայվի ԱԺ-ն լուծարելու կարգը», - պնդեց լավատեղյակ ՀՀԿ-ականը: Հիշեցնենք, որ ԱԺ-ն լուծարելու նորմն այսօր բավական առաձգական է, երկրի նախագահն ԱԺ-ն չի կարող լուծարել իր պաշտոնավարման ժամկետի վերջին տարում: Ըստ ամենայնի, այս դրույթը կփոխվի»:
Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում