Անցած շաբաթ ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանն իրար հետևից հանդես եկան հարցազրույցներով: Տեր-Պետրոսյանը ևս մեկ հարցազրույց էր տվել անցած տարեվերջին:
Գրում է 168.am-ն ու նշում, որ թեև երկու նախկին նախագահներն էլ իրենց հարցազրույցներում բազմանշանակ ու ենթատեքստեր պարունակող մի շարք հայտարարություններ էին արել, բայց դրանց հիմնական, գոնե ընթացիկ քաղաքական իրադարձությանը վերաբերող ասելիքը մեկն էր` իրենք չեն առաջադրվում առաջիկա նախագահական ընտրություններում: Ե՛վ Տեր-Պետրոսյանի դեկտեմբերյան հարցազրույցից, և՛ Քոչարյանի հայտարարություններից հետո շատերը դրանք վերլուծելով ընդհանուր քաղաքական համատեքստում՝ արձանագրեցին. Անկախ բոլոր տեսակի տարաձայնություններից, անկախ իրար նկատմամբ ատելությունից կամ իրար մեջ եղած անհամաձայնություններից, Լևոն-Տեր Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանն իրենց չառաջադրմամբ փաստացի Սերժ Սարգսյանին նվիրեցին նախագահության երկրորդ ժամկետում հեշտությամբ վերընտրվելու հնարավորությունը: Ընդ որում, նախկին երկու նախագահների հարցազրույցներում, թեև Ս. Սարգսյանի իշխանությանն ուղղված անուղղակի քննադատություն, որոշակի որակումներ կային, սակայն անձամբ նրա հասցեին որևէ բացասական խոսք ասված չէր: Չնայած ՀՀԿ-ական ամենատարբեր տրամաչափի գործիչներ անդրադարձել են նախկին նախագահների հարցազրույցներին, բայց տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի այս հայտարարություններին, ընդհանրապես նրանց «գործընկերային ժեստին» Սերժ Սարգսյանն անձամբ չէր արձագանքել: Սակայն Ս. Սարգսյանն` առաջին հայացքից քաղաքականության հետ որևէ կապ չունեցող այսօրվա հայտարարությամբ, պատասխանել է նախկին նախագահներին: «Շախմատը խաղ է, բայց նաև արվեստ է և գիտություն: Շախմատը զուգորդում է հաղթանակի ձգտումն ու կամքը՝ մի կողմից, և անվրեպ ուշադրությունը մանրուքների հանդեպ՝ մյուս կողմից: Այն մարդուն սովորեցնում է մտքի ու երկարաժամկետ հաշվարկի մշակույթ: Այն պարտադրում է խորապես հարգել խաղընկերոջը»,- այսօր Ծաղկաձորում անցկացվող Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահական խորհրդի նիստում ունեցած ելույթում հայտարարել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ս. Սարգսյանը: Վերջինս, ինչպես հայտնի է, շախմատի սիրահար է, ինչպես առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը: Ընդ որում, երկուսն էլ քաղաքականության մեջ մեծ մասամբ գործել ու գործում են շախմատային խաղի տրամաբանությամբ: Հայտնի է նաև, որ շախմատի նկատմամբ առանձնապես մեծ սեր չունի որսի և բասկետբոլի երկրպագու Ռոբերտ Քոչարյանը, ով իր հարցազրույցներից մեկում անգամ արտահայտվել էր այդ մասին: Բայց անկախ դրանից, Ս. Սարգսյանի այսօրվա հայտարարությունն ուղղված է նաև նրան: Այսինքն` շախմատային լեզվով Ս. Սարգսյանն այսօր, ըստ էության, շնորհակալություն է հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին՝ նախագահական ընտրություններում իրեն չխանգարելու համար: