Շնորհակալ եմ, շատ-շատ շնորհակալ եմ: Շնորհակալ եմ, իմ ընտրողներին, շնորհակալ եմ մեր հասարակությանը: Այս ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մեր ժողովուրդը ամենապատասխանատու պահերին կարողանում է համախմբվել և ճիշտ որոշումներ կայացնել: Այս ընտրությունները ճանապարհի ընտրություններ էին, և հայաստանցիներն ընտրեցին դեպի ապահով Հայաստան ճանապարհը: Եվ ես երջանիկ եմ ու հպարտ, որ այդ ճանապարհին լինելու եմ յուրաքանչյուր հայաստանցու կողքին:
Ես շնորհակալ եմ իմ թիմին` մեր թիմին, հպարտ եմ այդ թիմով: Այսպիսի թիմերի համար անլուծելի խնդիրներ գոյություն չունեն: Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարողացան գիտակցել պահի կարևորությունը և համատեղ ջանքերով անցկացնել լավ ընտրություններ: Շնորհակալ եմ իմ մրցակիցներին` Րաֆֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատյանին, Պարույր Հայրիկյանին, ովքեր կարողացան Հայաստանի քաղաքական կյանքում փոփոխություններ մտցնել, և ինձ համար, անկեղծորեն եմ ասում, պատիվ էր նրանց հետ մրցելը: Շնորհակալ եմ բոլոր լրագրողներին, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին` լուսաբանելու բոլոր թեկնածուների ընտրարշավը:
Շնորհակալ եմ մեր իրավապահներին, ոստիկաններին, անվտանգության աշխատողներին, ովքեր կարողացան ապահովել բոլոր թեկնածուների ազատ արտահայտվելու և իրավունքը, և հնարավորությունները: Ես կարծում եմ, որ մենք բոլորս միասին համատեղ ուժերով կարողացանք ապացուցել բոլորին, այդ թվում` նաև մեզ, որ մենք ի վիճակի ենք սեփական ջանքերով լուրջ փոփոխություններ իրականացնել մեր երկրում, և դա մեծ հույս է ներշնչում, որ տեսանելի ապագայում այդ փոփոխությունները տալու են իրենց արդյունքները:
Մենք վաղվանից շարունակելու ենք մեր աշխատանքը, որովհետև ընտրություններով ոչինչ չի ավարտվում, ընդհակառակը` սկսվում է տքնաջան աշխատանքը, և մենք բոլորս` մեր թիմով, պատրաստ ենք կատարելու այդ աշխատանքը: Ես հպարտ եմ և հույս ունեմ, որ բոլոր նրանք, ովքեր չեն քվեարկել իմ օգտին, ըմբռնումով կմոտենան մեծամասնության որոշմանը, և մենք կայուն միջավայրում կսկսենք համատեղ զարգացնել Հայաստանը` մեր բոլորի աչքի լույսը, մեր հայրենիքը, մեր պարծանքը: Եվ փառք մեր մեր ժողովրդին: Շնորհակալ եմ