▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի հայտարարության պատասխանը Ռուսաստանից Ադրբեջանի ձեռքերով. «Ժամանակ»

«Երեկ առավոտյան կրկին կտրուկ լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանում, ինչի հետևանքով, ըստ պաշտոնական հաղորդագրության, ադրբեջանական դիվերսիոն փորձը կանխելու հայկական կողմը ունեցել է 3 զոհ և չորս վիրավոր: Ըստ այդ հաղորդագրության՝ ադրբեջանական ջոկատը ոչնչացվել է: Սակայն դա, իհարկե, մեղմ ասած՝ շատ փոքր մխիթարություն է այն ցավի, որ մենք ունենում ենք յուրաքանչյուր հայ զինվորի կորստի համար: Իսկ այս անգամ մենք կորցրել ենք 3 զինվոր:

 

Լարվածության հերթական դրսևորումը առանձնահատուկ բնույթ է կրում այն պատճառով, որ ըստ էության այն հաջորդել է Երևանում Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը, որ վերաբերում էր Ադրբեջանին վաճառվող ռուսական զենքին: Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այդ խնդիրը պետք է լուծվի, այլապես վատ կանդրադառնա հայ-ռուսական հարաբերության վրա, և որ հայ զինվորը փաստորեն գիտակցում է, որ իր վրա կրակում են ռուսական զենքից:

 

Այս՝ իրականում աննախադեպ հայտարարությանը, փաստորեն, հաջորդեց հերթական միջադեպը շփման գծում, ինչն ուղղակի կամ անուղղակի կարող է հանդիսանալ Սերժ Սարգսյանի հայտարարության պատասխանը:

 

Իհարկե, հայկական դիրքերի վրա հերթական անգամ ոչ թե Ռուսաստանը, այլ Ադրբեջանն է հարձակվել, սակայն խնդիրն այն է, որ այդ հարձակումը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հայտարարությունից անմիջապես հետո, ինչը նշանակում է, որ Բաքուն չէր կարող նման սադրանքի գնալիս հաշվի չառնել այդ հայտարարության հանգամանքը: Փաստորեն, Բաքվի այդ սադրանքը գալիս է հավաստելու Սերժ Սարգսյանի խոսքերի և բարձրացված խնդրի իրավացիությունը: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Բաքուն, ըստ էության, գործնական, իրեղեն ապացույց է ավելացնում Սերժ Սարգսյանի խոսքերին, թարմ ապացույց և ռուսական կողմին էլ ըստ էության զրկում հակափաստարկներից: Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ Բաքուն այսպիսով իր կողմից է լուրջ հարված հասցնում Ռուսաստանին:

 

Մինչդեռ ինքնին հասկանալի է, որ Ադրբեջանը նման բանում շահագրգռված լինել չէր կարող, և ուրեմն եթե գնացել է նման քայլի, ապա պարզապես համաձայնեցնելով Ռուսաստանի հետ և վստահ լինելով, որ Ռուսաստանը դա չի դիտարկելու որպես հարված Հայաստանի հանդեպ Կրեմլի դիրքերին»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Ժամանակ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее