«Տեղի ունեցող զարգացումները վկայում են, որ ներհամակարգային խաղն իսկապես բարդանում է, եւ տեղի են ունենում որոշակի գործընթացներ, որոնք վկայում են մեծ չափի անորոշությունների մասին:
Գլխավոր խնդիրը, ըստ էության, այն է, որ չկա առանցքային թիրախ: Այսինքն՝ հստակ է, որ Սերժ Սարգսյանը 2018-ին հեռանալու է՝ անկասկած ձգտելով ամեն կերպ պահպանել ազդեցությունը եւ հնարավորության դեպքում նաեւ ներկայությունը իշխանությունում:
Այս իրավիճակում, երբ հստակ չէ կոնկրետ լուծումը, հետեւաբար՝ նաեւ թիրախը, ներիշխանական գործընթացները, այսպես ասած, բրոունյան շարժման տրամաբանությամբ են ընթանում՝ զերծ մնալով մեկ որոշակի հստակ գծից, ինչը նաեւ հենց վերջին օրերի իրադարձություններն են վկայում, երբ հունիսին ձեռք-ձեռքի տված ԲՀԿ-Հովիկ Աբրահամյան իրավիճակը այսօր փոխվում է մի վիճակի, երբ Հովիկ Աբրահամյանը ստիպված է, թեկուզեւ մարտավարական մանեւրների տրամաբանությամբ, բայց հրապարակավ մեղադրանքներ հղել ԲՀԿ-ին Մարտի 1 ուզելու համար, կամ ԲՀԿ-ի, այսպես ասած, քոչարյանական թեւին:
Սերժ Սարգսյանը փորձում է առավելագույնը քաղել այս իրավիճակից եւ պոտենցիալ դաշինքը՝ Հովիկ Աբրահամյան-ԲՀԿ-Ռոբերտ Քոչարյան, հնարավորինս երկար պահելով շահերի պարբերական բախման տիրույթում, ըստ էության, մաշել ինչքան հնարավոր է, մինչեւ որ ստիպված կլինի արդեն որոշակիացնել, թե ինչ տարբերակով է իրականացնելու վերարտադրության գործընթացը, եւ ըստ այդմ՝ ժառանգորդության ինչ տարբերակի վրա է կատարվելու ընտրությունը:
Այս ընթացքում Սերժ Սարգսյանի համար առանցքային ֆիգուր է դարձել Վովա Գասպարյանը, որը հավանական ժառանգորդների շարքում չէ, սակայն գործընթացների առումով այս պահին երեւի թե առավել կարեւոր ֆունկցիոնալ նշանակություն ունի Սարգսյանի համար, քանի որ նրա վրա է դրված «ժանդարմի» առաքելությունը:
Այս առումով պատահական չէ, որ վերադասավորումների մեկնարկից ի վեր Հովիկ Աբրահամյանին եւ ոչիշխանական ուժերին խանգարում են ոչ այնքան պոտեցիալ մրցակիցները, որքան Վովա Գասպարյանը, որի պաշտոնանկությունը պահանջելու գաղափարը հրապարակ նետեց ՀԱԿ-ը, սակայն ինչպես երեւում է՝ գաղափարը չի ընդունվել ԲՀԿ-ում եւ Հովիկ Աբրահամյանի մոտ այն պատճառով, որ այս տանդեմի միջեւ ի հայտ են եկել որոշակի առավել սկզբունքային անհամաձայնություններ առկա իրավիճակի եւ հետագա զարգացումների մասով»։
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում