▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը ձեռնոցի պես վարչապետ փոխելու հնարավորություն կստանա. «Ժողովուրդ»

Սահմանադրության փոփոխությունների նախագիծը բավականին ճկուն ճանապարհ է նախատեսել վարչապետին անվստահություն հայտնելու համար: 115-րդ հոդվածով սահմանվող այս ընթացակարգին ծանոթանալով՝ ստանում ենք այնպիսի տպավորություն, որ վարչապետի հեռացման հարցը առավելագույնս պարզեցված է իշխող մեծամասնության համար, սակայն միաժամանակ լրջագույնս բարդեցված է ընդդիմադիր խմբակցությունների համար: Նախագծի այդօրինակ դրույթների հղացումը լիովին հասկանալի է, եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն այդպիսով հեշտ ուղի է հարթում այն վարչապետի հապճեպ հեռացման համար, որը կհանդգնի չենթարկվել մեծամասնության «վոժդին»:

Ստորեւ կքննարկենք այս հարցում միջազգային փորձը՝ կենտրոնանալով գերմանական եւ իտալական մոդելների վրա:

Այսպես՝ «Նախագծի» 115-րդ հոդվածի առաջին կետով սահմանվում է, որ «վարչապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ կարող է ներկայացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածություն»: Այս դրույթն, ըստ էության, իսկական ծուղակ է ընդդիմադիր խմբակցությունների համար, որոնք երբեւէ մտքներով կանցկացնեն անվստահություն հայտնել Կառավարության ղեկավարին: Հիշենք, որ նախորդ տարվա գարնանը՝ մինչ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, ընդդիմադիր հռչակված խմբակցությունները խնդիր էին դրել հասնելու վարչապետի հեռացմանը հենց Կառավարությանն անվստահություն հայտնելու ճանապարհով: Թեեւ Ս. Սարգսյանը նախահարձակ եղավ, զոհաբերեց իր վարչապետին ներքաղաքական խաղերում, սակայն, կարծես, գործընթացի համար նախադեպ ստեղծվեց: Եվ, ահա, հիմա պատկերացնենք մի իրավիճակ, երբ ընդդիմությունը կրկին կփորձի Կառավարության ղեկավարին անվստահություն հայտնելու հարցը դարձնել օրակարգային: Գործընթացը միանգամից կվիժեցվի, քանզի անհնար է անգամ պատկերացնել, որ այդքան բազմագույն ընդդիմադիր խմբակցությունները համաձայնության կգան իրենցից մեկին վարչապետ դարձնելու հարցի շուրջ: Այսպիսով, ընդդիմության մեջ պառակտումների նոր բացիլ նետելով՝ Ս. Սարգսյանը փակում է իր հակառակորդների կողմից վարչապետին անվստահություն հայտնելու դուռը:

Փոխարենը պատգամավորների 1/3-ի միջոցով որոշման նախագիծ ներկայացնելը լիովին ձեռնտու է իշխող կուսկացության ղեկավարին, որի տրամադրության տակ է լինելու խորհրդարանի բացարձակ մեծամասնությունը: Հատկանշական է, որ որոշումը դրական արդյունք կարող է ունենալ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնության պարագայում: Նկատենք, որ գործող Սահմանադրությամբ էլ է սահմանվում նույն ընթացակարգը: Այդուհանդերձ, նոր Սահմանադրությամբ պետության ղեկավարը դառնում է հենց վարչապետը, որին պաշտոնից այդքան հեշտությամբ հեռացնել չի կարելի: Սակայն, եթե պետությունը կառավարվում է վարչապետի կողմից, իսկ մեծամասնության «վոժդը» նրան կարող է այդպիսի հեշտությամբ դուրս մղել իշխանությունից, ապա ո՞ւր մնացին Կառավարության կայուն գործունեությունն ապահովող սահմանադրական երաշխիքները, որոնց մասին շարունակ թմբկահարում են փոփոխությունները գովերգողները:

Միջազգային փորձի շրջանակներում կրկին ելակետ վերցնենք Գերմանիայի կառավարման համակարգը: Գերմանական սահմանադրությունը եւս նախատեսում է Կառավարության ղեկավարին անվստահություն հայտնելու մեխանիզմ: Այստեղ խորհրդարանական մեծամասնությունը պիտի քվեարկի մեկ այլ գործչի օգտին՝ նրան ընտրելով իբրեւ հաջորդ կանցլեր, եւ դիմի նախագահին՝ խնդրելով ազատել գործող կանցլերին զբաղեցրած պաշտոնից: Նախագահը պարտավոր է ընթացք տալ վճռին եւ նոր ընտրված կանցլերին նշանակելու հրաման արձակել: Նկատենք, որ Գերմանիայում եւս սահմանված է պարզ մեծամասնության միջոցով կանցլերին պաշտոնազրկելու պրակտիկան: Իսկ, ահա, Իտալիայում Կառավարությունը պիտի ստանա պառլամենտական երկու պալատների աջակցությունը: Այս դեպքում, սակայն, Կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագիծ կարող է ներկայացվել մեկ պալատի 1/10-րդ պատգամավորների ստորագրությամբ: Անգամ այսպիսի լայն հնարավորություններ ունենալով՝ Իտալիայում ընդդիմությունը 1943թ.-ից ի վեր ընդամենը 4 անգամ է անվստահություն հայտնել վարչապետին: Մեզ մոտ նման նախադեպ դեռեւս չի եղել՝ գերազանցապես պայմանավորված ժողովրդավարական սկզբունքներով իշխանություն ձեւավորելու մեր անկարողությամբ:

Կարելի է արձանագրել, որ Սահմանադրության առաջարկվող տարբերակով Կառավարության ղեկավարի պաշտոնազրկության գործընթացն ընդհանուր առմամբ իրենից նորույթ չի ներկայացնում եւ մեծ մասամբ հիմնված է ՀՀ գործող Սահմանադրության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության փորձի վրա: Այստեղ, ցավոք սրտի, անուշադրության են մատնված տեղական պայմանները եւ ազգային-պետական առանձնահատկությունները: Կարծում ենք, սակայն, որ այս հարցում հարկ կար ավելի խիստ միջոցառումների, քանի որ մեզ մոտ կառավարման խորհրդարանական կարգերի անցումը տեղի է ունենում կիսանախագահական համակարգից, որտեղ նախագահը բավականին ուժեղ ֆիգուր է, եւ նրան այդքան էլ հեշտ չէ հեռացնելը: Օրինակ՝ կարելի էր վարչապետին անսվտահություն հայտնելու համար անհրաժեշտ ձայների շեմը հստակորեն սահմանել պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ը: Թեեւ, այս ամենն իրականում ձեւականություն է, եթե ընտրությունների երկրորդ փուլի կարգը, այդուհանդերձ, պահպանվի: Ի դեպ, երկրորդ փուլի ներմուծմամբ բացարձակ մեծամասնություն ստանալու իշխանության ցանկությունը պետք չէ բացարձակեցնել ու կարծել, թե առանց դրա Սարգսյանը ԱԺ-ում բավարար թվով կամակատարներ չի ունենա: Այսօր էլ չկա երկրորդ փուլ կոչվածը, սակայն ԱԺ-ի 80 տոկոսը փաստացիորեն գտնվում է Ս. Սարգսյանի ենթակայության ներքո: Առաջարկվող տարբերակով Սարգսյանի՝ իշխանությունից դուրս գտնվելու ժամանակ ամբողջ պետական համակարգի նկատմամբ ազդեցության պահպանումը տեղի կունենա ավելի դյուրին կերպով: Այս տարբերակով պարզապես իշխանության նկատմամբ Ս. Սարգսյանի վերահսկողության անխափանության հավելյալ երաշխիքներ են սահմանվում եւ ուրիշ ոչինչ:

Հեղինակ՝ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее